Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել, ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Միաժամանակ, նա հավելել է, որ Մոսկվան ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ Սա առաջնահերթ խնդիր է: Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ Մոսկվան ակնկալում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն։ Առաջին նման պայմանագիրը խափանվեց։ Երկրորդը ձեռք է բերվել նախօրեին»,- ասել է Զախարովան։

Միաժամանակ, դիվանագետը հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի վերջին այցերը Բաքու և Երևան։ Նրա խոսքով, եռակողմ համաձայնագրի կետերի կատարումը մնում է հակամարտության կարգավորման հիմքը։

«Երևանի դիմումները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, ստացվել են, աշխատանքներն արդեն ընթանում են։ Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներով»,- եզրափակել է պաշտոնյան։