Քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տարբեր երթուղիներում որոշ ավտոբուսներ հարմարեցնել սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելուն: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ «Հույսի կամուրջ» ՀԿ նախաձեռնած «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

 

Նշենք, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետարան էին եկել նոր կառուցվող և վերանորոգվող շենքերում մատչելիության չափորոշիչների խախտման վերաբերյալ իրենց նամակը քաղաքապետին փոխանցելու համար:

 

Սամվել Մերթարջյանը նշել է, որ մայրաքաղաքն առավել մատչելի դարձնելու նպատակով, 2013 թվականի համայնքային բյուջեում առանձին տողով թեքահարթակներ կառուցելու նպատակով նախատեսվեց հատկացնել 20 մլն դրամ:

 

«Ու հատկանշական է, որ յուրաքանչյուր թեքահարթակի համար նախագծվեց դրա իրականացման տեղանքին համահունչ նախագիծ՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նորմերը», -նշել է քաղաքապետի օգնականը, ավելացնելով, որ մինչև այս ամսվա վերջ արդեն կունենանք շուրջ 80 նման թեքահարթակ:

 

Նրա խոսքով, շուրջ 190 թեքահարթակ էլ նախաձեռնվել ու կառուցվել է կապիտալ վերանորոգվող փողոցներում: Այդ աշխատանքները կատարվել են կապալառուների և շինարարական կազմակերպությունների հետ համաձայնեցված, ընդ որում՝ բացառապես նրանց միջոցներով:

 

Մայրաքաղաքն ավելի մատչելի դարձնելու շրջանակում 2014 թվականին թեքահարթակների կառուցման ծրագիրը շարունակվելու և ընդլայնվելու է:

 

«Ինչ խոսք, բոլորս էլ գիտակցում ենք, որ մատչելի քաղաք ունենալուն հասնելու համար անելիքներ դեռ շատ կան, և ոչ ոք դա չի հերքում, բայցև պետք է արձանագրենք, որ քաղաքապետարանը նոր թեքահարթակների կառուցումը նախաձեռնելուց բացի, նաև որոշակի աշխատանքներ է տանում նախկինում կառուցված թեքահարթակները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ, ինչը հետզհետե ավելի մեծ թափ կստանա: Այս համատեքստում արժևորում եմ այդ հիմնախնդիրերով զբաղվող շահագրգիռ անձանց և կազմակերպությունների մասնակցությունն աշխատանքների իրականացման փուլում», - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընդգծել է Սամվել Մերթարջյանը: