Lրագրողների և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ այսօր հանդիպում է տեղի ունեցել: Հանդիպման ընթացքում Բորիս Նավասարդյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը:
Ըստ նրա` դրա համար մի քանի պատճառներ կան: Դրանցից մեկն այն է, որ ՄՄ-ն չկայացած կառույց է, այնտեղ մի շարք հակասություններ կան, ՄՄ-ի անդամ ոչ մի երկիր գոհ չէ ստեղծված իրավիճակից: Հայաստանն առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որի շրջանակում սահմանված են այնպիսի տարիֆներ, որոնք հակասում են ՄՄ-ի հետ ստանդարտներին:
«Այդ տարիֆները հնարավոր չէ ՄՄ-ի հետ բերել համաձայնության, քանի որ դա շատ լուրջ գործընթաց է: Լուրջ է նաև ապրանքների մաքսազերծման խնդիրը, քանի որ չկա ընդհանուր սահման: Վրաստանն այսօր այն երկու երկրներից է, որ մնում է վճռական նախաստորագրման հարցով: Այսինքն' Վրաստանը Հայաստանի նկատմամբ գտնվելու է այլ առևտրատնտեսական դաշտում: Այն, միգուցե չհամաձայնի աշխատել որպես տրանզիտ երկիր»,-ասել է նա:
Բորիս Նավասարդյանը նաև ասել է, որ Հայաստանը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով, բայց դա տեղի է ունենում անհավասար պայմաններում: «Մենք գտնվում ենք ինքնիշխանության զիջման անվերահսկելի գործընթացում: Մեզանից կախված չէ այն, թե ինչն ենք զիջում, ինչը՝ ոչ: Մեզ թելադրում են, թե ինչ պետք է զիջենք: Մեղքը Ռուսաստանինը չէ, նա անում է այն, ինչ բխում է իր շահերից»,-եզրափակել է նա: