«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Միսակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով'178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Նշենք, որ հիշյալ հոդվածները նախատեսում են առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ:
Հավելենք, որ այս արարքի պարագայում, քրեական օրենսգիրքն առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը: Ասել է, թե պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 45 մլն. դրամ կաշառք ստանալու մեջ:
Առաջադրված մեղադրանքները վերաբերում են «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու եւ դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման փաստերին:
Այս վերջին գործով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին: Մեղադրյալների թիվը շուրջ երկու տասնյակ է։
Հիշեցնենք նաեւ, որ Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։