Հանրային խորհուրդը նույնպես մտահոգված է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրումով և ստեղծել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի այդ հարցերը: Այս մասին Tert.am-ին ասաց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

 

«Ստացել ենք բարձր աշխատավարձ ստացողների, տեղեկատվական ոլորտի աշխատողների բողոքները՝ 2000-ից ավելի դիմումներ: Հանրային խորհրդի նախագահի կողմից ստեղծված է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի այդ հարցերը, հանրային քննարկումներ կազմակերպի, և համապատասխան առաջարկություններ ուղարկի կառավարությանը»,-ասաց ՀԽ անդամը։

 

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ երեք տարի առաջ ընդունված օրենքում կան խնդիրներ, հետևանքների մեջ, ըստ նրա, այն ժամանակ այդքան էլ խորամուխ չեն եղել։

 

«Մասնավորապես՝ կարգավորող օպերատորների ընտրության հարցը: Երկրորդ՝ օրենքում նախատեսված են մուծումներ 10 տոկոս եկամուտների չափով, բայց երբ 500.000 դրամից ավելին է լինում եկամուտը, Կառավարության մասնաբաժինը պակասում է և ավելանում է նրանը, ումից պետք է գանձվի վճարը, այսինքն՝ մուծումների չափը նրա հաշվին ավելանում է»,-ասաց Սաֆարյանը։

 

ՀԽ անդամը նաև հավելեց. «Կան մի քանի այլ հարցեր, որոնք Սահմանադրության հետ որոշակի խնդիրներ ունեն, մասնավորապես՝այն, որ մարդն իրավունք ունի տնօրինելու իր սեփականությունը, բայց այս պարագայում 23 տարի շարունակ նա պետք է անընդհատ մուծումներ անի և այդ ընթացքում պետք է զրկված լինի տնօրինելու իրավունքից»։

 

Վազգեն Սաֆարյանը չի կարծում, թե ամբողջությամբ տեղին են այն տեսակետները, թե բյուջեն կազմելիս հաշվի է առնվել այս օրենքը, ուստիև ոչ ոքի չի հաջողվի ստիպել Կառավարությանը՝ ետքայլ անել։

 

«Ես չեմ կարծում, որ բյուջեն ուղղակիորեն կապված է այդ կենսաթոշակների կուտակումներից, բայց, իհարկե, դա ևս հաշվի է առնված։ Միջոցների զգալի մասը կառավարվելու է արտասահմանյան օպերատորների կողմից, և ես այն կարծիքին եմ, որ այս համակարգն իր մեջ պրոգրեսիվ տարրեր ունի, բայց չպետք է այդ ճանապարհով գնալ»,-ասաց նա և նշեց, որ առաջին հերթին՝ համակարգը պետք է լինի կամավորության սկզբունքով։


«Երկրորդը՝ պետք է այդ գումարները հավաքվեն պետական խնայողական ներդրումային բանկում։ Դա իմ անձնական տեսակետն է: Այս դեպքում մարդիկ կմտածեն, որ իրենց գումարները կդառնան ներդրումներ սեփական երկրի տնտեսության մեջ, որոնք հետագայում համապատասխան պայմաններ կստեղծեն, և միջոցներ կլինեն նրանց բարձր թոշակով ապահովելու համար»,– նշեց Վազգեն Սաֆարյանը։

 

Ըստ ՀԽ հանձնաժողովի նախագահի՝ այս առումով պետք է ուշադրություն դարձնել նաև՝ խնայբանկերում եղած՝ մոտ 1,6 մլրդ դոլարի չափով ավանդներին։ «Պետք է կարողանանք այնպիսի մեխանիզմ մտածել, որ այդ ավանդներում ամրագրված գումարները գնան որպես ներդրումներ տնտեսության զարգացման համար»,- ասաց նա և ավելացրեց, որ նման առաջարկություն, հավանաբար, Հանրային խորհուրդը կներկայացնի։