«Կոնկրետ այս պահին շրջանառության հարկի մասին գործարարներից որևէ բողոք չենք ստացել»,- Lragir.am-ին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը' պատասխանելով այն հարցին' տեղյա՞կ է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում գործարարներն առաջարկում են փոփոխություններ կատարել:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ասել էր, այս տարվա հունվարից կիրառվող շրջանառության հարկից հայ գործարարների դժգոհություններն օրեցօր ավելանում են, քանի որ դա բեռ է փոքր ու միջին բիզնեսի համար: Քանի որ Հայաստանում ավելի մեծ թիվ են կազմում ցածր արտադրողականությամբ ու արդյունավետությամբ գործող ձեռնարկությունները, ապա շրջանառության հարկի պատճառով ընկերությունները լրացուցիչ հարկային բեռի տակ են ընկել: Գործատուների միությունը դիմել է իրավասու պետական մարմիններին' քննարկելու շրջանառության հարկի կիրառման պատճառով առաջացած խնդիրները: Գործարարները ցանկանում են, որպեսզի օրենքում փոփոխություններ կատարվեն, և իջեցվի շրջանառության հարկի շեմը, որը ներկայումս 3.5 տոկոս է:

«Եթե կառաջարկեն գործարարները, մենք պատրաստակամ ենք, կքննարկենք գործարարների կողմից ներկայացված առաջարկները, կտեսնենք, թե ինչ առաջարկ են ներկայացրել»,- նշեց Վախթանգ Միրումյանը: Միաժամանակ նա ասաց, որ կիրառման տեսնակյունից օրենքն այնքան պարզ է, որ դժվար թե օրենքի վերաբերյալ դժգոհություններ լինեն:

«Ես անձամբ դժգոհություններ չեմ ստացել, որովհետև ինքը պարզագույն հարկատեսակ է: Ընդամենը բիզնեսը հաշվառում է իր շրջանառությունը, որից հարկ է հաշվառում և վճարում: Հարկը վճարվում է եկամտից, եթե եկամուտը քիչ է, բնականաբար դրա տոկոսադրույքն ավելի քիչ է: Այսինքն' հարկի դրույքաչափն ուղղակի կախվածության մեջ է իրացման շրջանառությունից: Այսինքն' եթե քիչ է իրացնման շրջանառությունը, բնականաբար քիչ է վճարելու հարկը»,- նման բացատրություն տվեց ՊԵԿ փոխնախագահը:

Նշենք, որ Գագիկ Մակարյանը ներկայացրել էր գործարարների հաշվարկները, ըստ որի, եթե գործարարը, օրինակ, նախկինում ուներ 100 հազար դոլարի շրջանառություն, բայց քանի որ իր շահութաբերությունը համարյա չնչին էր, ինքը շատ չնչին շահութահարկ էր վճարում: Իսկ «Շրջանառության հարկի մասին» օրենքով նույն գործարարը 3.5 տոկոս շրջանառության հարկ է վճարում: «Այսինքն' եթե առաջ ինքը, օրինակ, կարող էր մուծել մի քանի հարյուր դոլար շահութահարկ, թեկուզ 2 տոկոս, որը 100 հազար դոլար շրաջանառության համար 2 000 դոլար է կազմում, ապա այսօր 3.5 տոկոս է վճարում' 3 500 դոլար: Այսինքն' 1 500 դոլար ավտոմատ ավելացավ, այդ 1 500 դոլարը վատ գործող ընկերության համար երևացող թիվ է»,- նշել էր Գագիկ Մակարյանը: