Ռուբլու արժեզրկումը և ռուսաստանյան տնտեսության վատթացումը սկսել է բացասական ազդեցություն թողնել այն արտադրողների վրա, որոնք արտահանում են իրականացնում ՌԴ շուկա: Հիմնականում վնաս են կրում այն գործարարները, ում առևտրային պայմանագրերը ռուբլով են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատի գինու գործարանի փոխտնօրեն Խաչիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ փորձում են ժամանակավորապես նվազեցնել արտահանման ծավալները, քանի որ շահույթը զգալիոերն նվազել է: «Ովքեր պայմանագրեր ունեն ռուբլով, ներկայումս վնաս են կրում փոխարժեքի փոփոխության հետ կապված: Դրա համար աշխատում ենք ավելի քիչ արտահանել, որ վնասներն էլ ավելի քիչ լինեն: Մենք միշտ աշխատել ենք շահույթով, սակայն այս տարի, կարծում եմ, շահույթն էապես կնվազի' ռուբլու արժեզրկման հետ զուգընթաց»,- ասաց Գրիգորյանը:

 

Չնայած ռուսաստանյան տնտեսության անորոշ իրավիճակին, հայ գործարարները շարունակում են հույսեր կապել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ և հույս ունեն արտահանում իրականացնել նոր շուկաներ: Մեզ հետ զրույցում «Արաքս 2» արտադրական կոոպերատիվի տնօրեն Արթուր Մովսիսյանը նշեց, որ ԵՏՄ շուկան իրենց համար կարող է արտահանման նոր հնարավորություններ ստեղծել, սակայն արտահանման ավելացման համար պետք է նախ ավելացնել արտադրությունը, որն էլ իր բարդություններն ունի: «Արտադրությունը մեծացնելու համար ֆինանսական ռեսուրսնր են հարկավոր, սակայն բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել հեռավոր շրջաններում աշխատող գործարարներին: Իհարկե, ԵՏՄ-ի հետ կապված սպասում ենք դրական տեղաշարժերի, սակայն մինչ արտահանումը պետք է լուծել մյուս հարցերը»,- ասաց նա:

 

Դեղագործական «Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ մտավախություն հայտնեց , որ կարող են խնդիրներ լինել դեղերի գնագոյացման հետ կապված: «Իհարկե, հայ գործարարների համար բացվում են նոր հնարավորություններ, սակայն, մյուս կողմից, մենք կանգնում ենք որոշակի ռիսերի և մարտահրավերների առաջ: Մեր ոլորտում առաջնայինը գնագոյացման հարցն է, քանի որ, ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանը կիրառում է ավելացրած արժեքի 20 տոկոսի հարկ դեղամիջոցների համար, այնինչ, այլ երկրներում դրույքաչափը զրոյական է, կամ, օրինակ, Ռուսաստանում' 10 տոկոս: Այստեղ շատ կարևոր է, որ հայկական ընկերությունները կարողանան իրենց շահերը պաշտպանել և մրցակցության մեջ պահպանեն իրենց տեղը»,- նշեց Մաթևոսյանը:

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդիպման էր հրավիրել առավելապես ապրանքների արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող մոտ չորս տասնյակ տնտեսվարողների' քննարկելու և լսելու նրանց մտահոգությունները ԵՏՄ տարաքում գործող մրցակցության միասնական կաննոների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում գործարարները տեղեկացվեցին իրավական կարևոր փոփոխություններին, որոնք տեղի են ունենալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: