«Անցնելով օրակարգային հարցերին' խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «գենդեր» տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն:
«1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է, Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց որոշակի պարտավորություններ, այդ թվում նպատակ ունենալով վերացնելու կանանց հանդեպ խտրականությունն իր բոլոր դրսևորումներով: Օրենքի ընդունումը և դրա հետագա իրականացումը լուրջ առաջընթաց կհանդիսանա Հայաստանում կանանց և տղամարդկանց փաստացի հավասարությունն ապահովելու գործում:
Հավատարիմ լինելով ստանձնած պարտավորություններին' հարգել, պաշտպանել և նպաստել կանանց իրավունքների իրականացմանը, ապահովելու կանանց զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև տղամարդկանց հետ իրավական և փաստացի հավասարությունը, Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել նշված խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը, այդ թվում գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրերը: Կանանց խորհուրդը կոչ է անում քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ չհիմնավորված մեկնաբանություններից ու հայտարարություններից, որոնք որևէ առնչություն չունեն հավասարության ու մարդու իրավունքների ապահովման հետ:
Կանանց խորհուրդը նպատակահարմար է համարում նաև հետագայում ավելի մեծ ուշադրություն արժանացնել կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերի լուսաբանմանը, համագործակցելով ինչպես հասարակական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի շուրջ ծավալվող քննարկումների պատշաճ մակարդակով կազմակերպմանը:
Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի 2014 թվականի «Լավագույն համայնքապետ' գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ», «Լավագույն կին-գործարար», «Լավագույն լրագրող' գենեդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» մրցանակաբաշխությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Խորհուրդն առաջարկել է 2015 թվականը հայտարարել «Ընտանիքի տարի»:
Քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր»:
Հայտարարության մեջ չեն հաղորդվում նիստին ներկա հանրապետության «կարևոր» և «ծանրակշիռ» կանանց անունները և այլ մանրամասներ։ Հիշեցնենք, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք ստեղծված խորհուրդը ներկայումս համալրվել է նոր անդամներով և բաղկացած է 36 հոգուց։