«Իմիջիայլոց ես տնտեսական գործունեությամբ Հայաստանի հանրապետությունում բացարձակապես չեմ զբաղվում, արդեն 2 տարի է»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, հավելելով․ «Իմիջիայլոց, շատ թեթեւակի նորություն ունեմ»: Իսկ նորությունը վերաբերում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության եւ Վարդան Այվազյան դատական վեճին: Պարոն Այվազյան վստահեցրեց, որ երեկ Նյու Յորքի հարավային շրջանի դատարանը որոշում է կայացրել եւ չեղյալ համարել իր նախկին այն վճիռը, ըստ որի պարոն Այվազյանը մոտ 37 միլիոն դոլար պետք է վճարի «Գլոբալ գոլդ մայնինգին»: «Իրենք, որ խարդախ թալանում էին, դա սաղ գիտեին:

 

Հիմա ինձ հետաքրքիր ա պրոստո, էն հոգիները վաճառած մի քանիսը, որ առավոտվանից իրիգուն գրում էին, սրա մասին, հիմա ի՞նչ պիտի ասեն: Էն, որ ես ասում էի' տենց բան չկա, ես գող եմ բռնել, որ ապօրինի լիցենզիայով աշխատում էին, հասկանալի է, թալնել են, վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց ակցիաների առաջ' այստեղ խարդախություն անելու համար: Հիմա դեֆոլտ որոշումն առ ոչինչ է: Իմ իրավաբանները գնացին ասացին' էդ մարդը չի կարա գա, հարեւան հայաթը չի, որ մարդը գա մասնակցի դատին: Էդ մարդուն դեմ որոշում եք կայացրել, պատասխան եք տալու վաղ թե ուշ:

 

Ասում էի չէ՞, ճղում էիք ձեզ, ոչ մեկ ինձ չէր հավատում, ասում էին՝ գողցելա: Մարդը, որ իրա բանվորներին դատի է տալիս, էդ մարդուց ամեն ինչ սպասելի է»,-բավականին բորբոքված ասաց Վարդան Այվազյանը, խոստանալով փաստաթղթերն ուղարկել խմբագրություն: Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի հարավային դատարանը որոշում էր կայացրել «Գլոբալ Գոլդ Մայնինգի» օգտին, ըստ որի $37,537,978.02 գումար պետք է գանձվեր Վարդան Այվազյանից:

 

Ըստ «Հետք» պարբերականում հրապարկված նյութի, վճռում եղած նյութերի՝ 2006 թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։ Ընկերությունը տեղեկացրել էր այդ իրավիճակի մասին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:

 

Արդյունքում ընկերությունը Այվազյանի պատճառով կորցրել էր Հանքավանի հանքավայրի նկատմամբ հսկողությունը: Մինչդեռ պարոն Այվազյանը, պնդում է, որ հենց «Գլոբալ գոլդ Մայնինգն է» ապօրինի գործել: