Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին' Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ արվեց ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքներին, կատարված օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ տրվեցին «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների և պարտականությունների վերաբերյալ, ներկայացվեցին ՀՀ ոստիկանության համակարգում արդեն իսկ գործող կարգապահական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրավական հիմքերն ու հանձնաժողովին վերապահված գործառույթները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: