Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մերետե Յուլը (նստավայրը՝ Կիև):

 

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Դանիայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հայ-դանիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը, շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու Դանիայի Թագավորության հետ միջպետական կապերը: Նախագահի խոսքով, ասվածի վկայությունն է նաև 2011թ. Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացումը:

 

Մերետե Յուլը ողջունել և կարևորել է Դանիայում Հայաստանի դեսպանատան բացումը, շեշտելով, որ իր երկրի համար դա ևս կարևոր էր և հստակ ազդանշան, որ Հայաստանը ցանկանում է է՛լ ավելի զարգացնել փոխգործակցությունը Դանիայի հետ: Նա վստահեցրել է Հանրապետության Նախագահին, որ նկատի առնելով առկա մեծ ներուժը, պաշտոնավարման ժամանակաշրջանում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը: