Անկախ նրանից, թե դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր է ավտովթարի հետևանքով զոհված երկու պատանիների մահվան համար, թե՝ ոչ, նա այլևս չի լինի նախկին գերզգայուն Վարդանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:
«Իրեն միշտ հետապնդելու է այդ գաղափարը, որ երկու ջահել պատանիներ զոհվեցին, այսինքն՝ արդեն այդ մեղքի զգացումը պատիժ է: Շատ եմ ուզում, որ ինքը գոնե ֆիզիկապես ազատ լինի, բուժվի, բայց հավատացե՛ք, որ մամուլը վատ դեր խաղաց այս պատմության մեջ, երբ որ սկսեցին միայն Վարդան Պետրոսյանի մասին խոսել՝ մոռանալով, որ մյուս կողմը ահավոր կորուստ է կրել։ Մամուլը չարացրեց մյուս կողմին և սրվեց իրավիճակը, որը շատ խանգարում է օրենքով, հանդարտ, առաջ գնալուն։ Օրենքը այդքան ճկուն բան չէ, որ ոնց հարմար է՝ օգտագործեն: Օրենքը՝ օրենք է»,- ասաց նա։
Ալվարդ Պետրոսյանը նաև անդրադարձավ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո առաջացած աղմուկին, դրան հաջորդած նախագահի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, ըստ որի նախագահը խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում և ասաց, որ, փաստորեն, դերասանը նաև նախադեպ ստեղծեց:
«Եվրոպական կամ ամերիկյան օրենսդրությունը նայեք, կտեսնեք, որ նման նախադեպերից հետաքրքիր օրենքեր են փոխվել։ Տա՛ Աստված, որ կալանքը վերացնելու կամ չվերցնեու հարցերը լուծեն։ Թե չէ՝ Ֆրանսիայի անձնանգիր ունի, հնարավոր է փախչի կամ ինչ, չէր կարելի մարդուն, այդպես վրավորել, արվեստագետ մտավորականին, և պետության դեմքը ցույց տալ, որ նման ողորմելի վիճակում է»,- ասաց նա։