Տաքսու ոլորտի բարեփոխումներն ուղղված են կամայականությունները բացառելուն

 


«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նոյեմբերի 26-ին մամլո ասուլիս էր նախաձեռնել, որի ընթացքում իր կողմից բարձրացրած 6 հարցադրումներից 5-ը որևէ առնչություն չունեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության օրենքով վերապահված իրավասությունների հետ:

 

Այդ հարցադրումները հիմնականում առնչվում էին Երևանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին:

 

Ընդառաջելով հենց մամլո ասուլիսի ընթացքում Տիգրան Հովհաննիսյանի կողմից հնչեցված հեռախոսային խնդրանքին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստակամություն հայտնեց ասուլիսից անմիջապես հետո ընդունել և լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող ՀԿ նախագահին: Վերջիններս հանդիպմանը ներկայացան շուրջ կես ժամ ուշացումով:

 

Նախարարն ընդգծեց, որ հավասար դաշտի պայմանները լինելու են բոլորի համար և շատ պարզեցված:

 

«Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինի հավասար դաշտի պայմաններ»,-նշեց նախարարը:

 

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական բարեփոխումների փաթեթին, ապա, ըստ Գագիկ Բեգլարյանի, դրանով փորձ է արվել կանոնակարգել ոլորտում խնդիրներ առաջացնող իրավահարաբերությունները, տաքսու վարորդների համար ստեղծել գործունեության հավասար դաշտ և պայմաններ: Ընդ որում, ամբողջ այդ գործընթացն իրականացվել է նախևառաջ տաքսու վարորդների շահերից ելնելով, ինչպես նաև հիմնվելով նրանց առաջարկությունների և կարծիքների վրա:

 

Ի դեպ, հենց հանդիպման ընթացքում «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդունեց, որ իր իսկ կողմից հնչեցված հարցերի գերակշռող մասը չի առնչվում նախարարության գործունեությանը, և որ ինքը չի դիմել իրավասու կառույցներին տաքսու վարորդների խնդիրները լուծելու համար: Ավելին, նա խոստովանեց, որ մասնավորապես ավտոկայանատեղիների խնդրով ընդամենը մեկ անգամ են դիմել իրավասու մարմնին, և խնդիրը լուծում է ստացել: Նա նաև ակնկալեց նախարարի աջակցությունը վարորդներին հուզող խնդիրների լուծման հարցում, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ վարորդներին սխալ ուղղորդելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները հստակ ներկայացնել պատկան կառույցներին:

 

Վարորդների շահերի պաշտպանության «Փարոս» ՀԿ նախագահ Արման Գրիգորյանը, անդրադառնալով ոլորտի օրենսդրական բարեփոխումների նախաձեռնությանը, իր ներկայացրած կազմակերպության մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին իրենց մտահոգող խնդիրներին համակողմանի անդրադառնալու և դրանց համապատասխան օրենսդրական լուծում տալու նախաձեռնության համար: Նա ևս կարևորեց բոլոր վարորդների համար միևնույն՝ հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն էլ վերջ կտա անհիմն շահարկումներին:

 

Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների, և ամեն ինչ անում է, որպեսզի բացառվեն կամայականությունները, և բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն