ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից նախապես հայտարարված բաց դռների օրվա շրջանակներում նոյեմբերի 15-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց շուրջ երկու տասնյակ անհատ տաքսու վարորդների և տաքսի ծառայությունների ներկայացուցիչների: Վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները ունեին երկու ուղղվածություն:

 

Նրանց հիմնական մտահոգությունները կապված էին տեսանկարահանող սարքավորումների, կարմիր գծանշումներով կայանատեղիների, նշագծումների, ԱՊՊԱ ծառայությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների հետ: Գագիկ Բեգլարյանը պարզաբանեց, որ թվարկված խնդիրներից և ոչ մեկը որևէ առնչություն չունի օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գործառույթների և իրավասությունների հետ:

 

«Նախարարությունը իրավասու է քննարկել միայն այն խնդիրները, որոնց լուծումը վերապահված է իրեն: Առանց մեզ դիմելու բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություններ անել, թե Տրանսպորտի և կապի նախարարությունը մեղավոր է, ճիշտ չէ»,-նշեց նախարարը: Այս տեսակետին համակարծիք էին հանդիպմանը ներկա տաքսու վարորդների գերակշռող մասը: Խնդիրների երկրորդ խումբը, որոնք մտահոգում էին վարորդներին, առնչվում էր ոլորտի բարեփոխումների օրենսդրական փաթեթին, որը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ազգային ժողովի քննարկմանը: «Բարեփոխումների ընթացքում ցանկացած փոփոխության նախարարությունը գնում է՝ ի նպաստ տաքսու վարորդների: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլորը գործունեություն ծավալեն հավասար պայմաններում:

 

Այդ նպատակն է հետապնդում նաև միատեսակ համարանիշների աստիճանաբար կիրառումը: Բարեփոխումները հնարավորություն կտան նաև էապես նվազեցնել տարբեր ծառայությունների (բժշկական, մեքենաների տեխնիկական զննության և այլն) համար վճարվող գումարները»,-նշեց նախարարը: Գ.Բեգլարյանը միաժամանակ ընդգծեց, որ բարեփոխումներին զուգընթաց տաքսու վարորդները պետք է մտածեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին: Վարորդները համակարծիք էին, որ մեկնարկած բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որոշակիորեն նվազել է ֆինանսական բեռը, հեշտացել է իրենց աշխատանքը:

 

Նրանց մեծ մասը հանդիպման ընթացքում բարձրացնում էր առավելապես անձնական բնույթի խնդիրներ, որոնցից և ոչ մեկն անպատասխան չմնաց: Այս քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ տաքսիստների բարձրացրած խնդիրների մեծամասնությունը ոչ միայն որևէ առնչություն չունի նախարարության գործառույթների հետ, այլև անիրազեկության արդյունք է: Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ոլորտի բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ, և նախարարության համապատասխան ներկայացուցիչները պատրաստակամ են ընդունելու ցանկացած առաջարկ, որը կնպաստի տաքսու վարորդների գործունեության պարզեցմանը և կկանխի չպարզաբանված խնդիրների անհիմն շահարկումը:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն