Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բերման չի ենթարկվել, այլ ինքնակամ է ներկայացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։
«Գագիկ Բեգլարյանն ինքնակամ է ներկայացել Հայաստանի Հանրապետություն։ Նա վաղօրոք դիմում է ներկայացրել եւ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։ Նա բերման չի ենթարկվել, գրել էին՝ օպերատիվ տվյալներ իրացնելով, բայց դա նույնպես սուտ է»,- ասաց Անանյանը։
Նա չմեկնաբանեց՝ արդյոք կալանավորելու մասին որոշումը պատրաստվո՞ւմ է բողոքարկել, թե՞ ոչ։
NEWS.am-ի այն տեղեկությունը, որ Բեգլարյանին ազատ արձակելու մասին գրավի միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Անանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց։
Նշենք, որ Բեգլարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) եւ 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների հատկանիշներով:
Բեգլարյանը հետախուզման մեջ էր 2020 թվականի մարտի 23-ից։