Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը' 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ.

 

«Հարգելի մարտական ընկերներ, երկրապահներ, 5-րդ բրիգադի խիզախ հայորդիներ.

 

Շնորհավորում եմ բոլորիս 5-րդ բրիգադի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

5-րդ բրիգադի կազմավորման տարեդարձի օրը տոն է ողջ հայ ժողովրդի եւ հատկապես մարտնչող հայության համար:

 

5-րդ բրիգադը կազմավորվեց Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների կամավորականներից, երկրապահական ոգով կատարեց իր վրա դրված պարտականությունները, անցավ մարտական փառահեղ ուղի, ազատագրեց Արցախ աշխարհը եւ տասնապատիկ անգամ առավել զինված թշնամուն վճռական մարտերով պարտադրեց զինադադարի գալ:

 

5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադը, մեր բանակի հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանի գնահատմամբ' հայոց զինուժի հաղթանակաբեր զորամիավորումն է:

 

Ես հպարտ եմ, որ ծառայել եմ 5-րդ բրիգադում, եղել նրա մարտական հրամանատարը:

 

5-րդ բրիգադի յուրաքանչյուր մարտիկ' հպարտ քայլելու իրավունք ունի, որը վաստակել է մեզ պարտադրած պատերազմի ահեղ մարտերում:

 

5-րդ բրիգադցիները, ինչպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ արցախյան ազատամարտի տարիներին, համախմբված կռվեցին ու հաղթեցին, այնպես էլ զինադադարից հետո, ակտիվորեն մասնակցեցին երկրի սահմանների ամրապնդմանը, բանակաշինության գործընթացին ու պետականության հզորացմանը:

 

Այսօր էլ 5-րդցիները իրենց պարտքն են կատարում Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության գործընթացում, ու եթե հարկ լինի, նորից պատրաստ են միասնականորեն մարտնչելու եւ հաղթելու:

 

Մենք վստահ ենք, անհրաժեշտության դեպքում, ինչպես 5-րդ բրիգադն էր միասնական մարտադաշտում, որը դարձավ հաջողության գրավականը, այդպես էլ հիմա մեր ժողովուրդը միասնականության եւ բարձր գիտակցության շնորհիվ նորից կհասնի հաղթանակի:

 

Այսօր 5-րդ բրիգադի ոգով են դաստիարակվում երիտասարդ ու պատանի երկրապահները, իրենց ծնողներին, հարազատներին գործնականորեն հավաստիացնելով, որ շարունակելու են հաղթական բրիգադի ազգանվեր գործը:

 

Հարգելի ներկաներ, երկրապահներ, հայոց բանակի զինվորներ, այստեղից է սկսվել 5-րդցիների երթը դեպի ռազմաճակատ: Եվ այսօր մեր նոր զորակոչիկները ազգային բանակ են գնում, որպես դաս ունենալով, լեգենդար 5-րդի անցած մարտական ճանապարհը:

 

Մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր մարտական ընկերների շիրիմներին ու հիշատակի առաջ, անհայտ կորածների հիշատակի առաջ:

 

Մենք գլուխ ենք խոնարհում նրանց ծնած հերոս մայրերի առաջ, Արցախի մարտնչող ժողովրդի ու հերոսական մայրերի առաջ:

 

Փառք մեր հերոս ընկերներին.

 

Փառք լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկներին.

 

Փառք համայն հայությանը»:

 

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

 

5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,

 

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

 

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ