Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երեւանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը եւս մեծ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջեւ կապերի սերտացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Իրաքը շահագրգիռ են հնարավոր բոլոր ոլորտներում ձեւավորել համագործակցության որակական նոր մակարդակ: Տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարեւորվել է ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջեւ, որը, զրուցակիցների համոզմամբ, կխթանի նաեւ գործարար շփումներն ու առեւտրաշրջանառության ծավալների աճը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հոշիար Զեբարին համակարծիք են եղել, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը, որը Իրաքի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ այդ երկիրը համարում է իր երկրորդ հայրենիքը: Հոշիար Զեբարին նշել է, որ չնայած իրաքահայ համայնքը մեծ չէ, սակայն Իրաքի հասարակության մեջ հայերն ապրել են եղբայրաբար եւ հարգանքով, դրա համար էլ մշտապես արժանացել են հարգալից վերաբերմունքի:

 

Հանրապետության նախագահը եւ Իրաքի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

 

Նրանք բարձր են գնահատել նաեւ միջազգային հարթակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրաքյան համագործակցությունը: