2012-ից մինչև 2013 թվականը ՀՀ-ում տեղի ունեցավ երկու համապետական ընտրություն, որոնցից առաջինի' խորհրդարանական ընտրությունների ընթացքում առաջին անգամ կիրառվեց դրոշմակնիքների օգտագործումը:
Քվեարկությանը մասնակցած քաղաքացու անձնագրում դրվում էր կնիք, ինչը, սակայն, առաջին իսկ օգտագործումից հետո մեծ աղմուկ բարձրացրեց. կնիքները ցնդում էին րոպեներ անց: Նույն խնդիրն առաջ եկավ նաև 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն այս անգամ կնիքը ոչ թե անհետանում էր, այլ' մաքրվում անձեռոցիկի միջոցով:
Եվ ահա այժմ ԿԸՀ-ն հանդես է եկել առաջարկությամբ' ընտրական գործընթացում չկիրառել ցնդող թանաք, բայց մինչ կկայացվի վերջնական որոշում այդ ժամանակահատվածում դրոշմակնիքի կիրառումը կշարունակվի:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ կնիքների վերացման հարցը պայմանավորված է նաև նույնականացման քարտերի հետ:
«Նախ պետք է նկատել, որ պարզ դարձավ, որ մենք պարտավորված ենք արդեն նոր մոտեցումներ և նոր լուծումներ մշակել, որովհետև ՀՀ-ում ներդրվել է նույնականացման քարտերի ինստիտուտը, որոնք իրենց կառուցվածքով պլաստիկ քարտեր են: Սա նշանակում է, որ որպես անձը հաստատող փաստաթուղթ' քաղաքացին իր նույնականացման քարտով ևս կարող է մասնակցել քվեարկությանը, և թեկուզ զուտ տեխնիկական իրականացման առումով, հաշվի առնելով տվյալ քարտերի նյութը, թե ինչով են դրանք պատրաստված, ակնհայտ է դառնում մի բան' այդ քարտերի վրա որոշակի առումով չի կարող իրականացվել թանաքային դրոշմակնքում. անկախ թանաքի բաղադրությունից' պլաստիկի վրա անհնար է դրոշմակնքում կատարել»,-ասաց Մուկուչյանը:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի' 3 անգամ վերընտրվելու մասին հնարավոր փոփոխության վերաբերյալ Տիգրան Մուկուչյանը մեկնաբանություն չտվեց, նշելով, որ այդ մասին առաջին անգամ է լսում:
Մանրամասները՝ տեսանյութում.