Լուսանկարներից ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարեց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:

 

 

Ըստ նրա, սա բավարար է, որպեսզի վթարի մեջ Վարդան Պետրոսյանը ճանաչվի մեղավոր: «Թե ինչու է Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից մուտք գործել հողածածկ տարածք, բախվել հողածածկ տարածքում կանգնած «ՆԻՎԱ»-ին, չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում որևէ ձևով վնասել, ցավ պատճառել:

 

 

Ես գիտեմ դրա պատճառը, բայց չեմ ուզում որևէ մեկին լրացուցիչ ցավ պատճառել»,- ասաց տուժող կողմի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով. «Չնայած որ պաշտպանական կողմը Հակոբյանների ընտանիքին ենթարկում է փորձությունների՝ օրական մեկ մեղադրող հոդված կամ նյութ հրապարակելով»:

 

 

Ռուբեն Բալոյանը նշեց, որ վերջին՝ վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձ արվեց «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել: «Ցավալին այն է, որ նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, բարոյական տեսանկյունից դա անընդունելի է, նման բան չէր կարելի անել: Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ինձ տուժողների հարազատները հստակ հայտարարեցին, որ՝ ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝ օրենքի ողջ խստությամբ»:

 

 

Ռ.Բալոյանը հիշեցրեց, որ ինքն ի սկզբանե բոլոր լրատվամիջոցներին կոչ է արել ազգովի նախաքննություն չկատարել, իսկ պաշտպանական կողմին մի անգամ զգուշացրել է՝ «Թույլ մի տվեք, որ անցնեմ հակագրոհի»: «Բայց տեսնում եմ, որ չի ստացվում, նորից շարունակվում է նույն պատմությունը»,- ասաց Ռ.Բալոյանը:

 

 

Մանրամասն' սկզբնաղբյուր կայքում