Մարդու իրավունքների պաշտպանի' դատարաններում արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցը, որում ներկայացվել են եռաստիճան դատական համակարգում գործող կաշառքի սակագները, որպես սիրողական գնահատել ճիշտ չէ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում այն պաշտոնյան է, ով մյուս բոլոր պաշտոնատար անձանցից տարբերվում է նրանով, որ ինքը կարող է ասել բաներ, որոնց դեպքում ինքը պարտավոր չէ որևէ փաստ ներկայացնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ զեկույցը սիրողական է, միտված էժանագին սենսացիաներ և PR ապահովելուն, և այլն:
Ըստ Էդմոն Մարուքյանի' ՄԻՊ-ը ընդամենը ներկայացրել է դատարանների վերաբերյալ հասարակական ընկալումները:
«Էն խնդիրները, որ կան, հիմա էդ խնդիրների լուծման համար պաշտպանի սահմանը մինչև այդտեղ է: Մարդը ասում է' կա զոնալ դատավորների ինստիտուտ, դատավորներին ուղղորդում են' ճնշում են, ասում են' այսպես է պետք վճիռ կայացնել: Հիմա թող քննարկեն, էդ խնդիրը լուծեն, ոչ թե պաշտպանին ասեն' կարո՞ղ մի հատ զոնալ դատավորի անուն տալ»,-նշեց իրավաբանը:
Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով տարբեր պետական ատյաններից փաստեր ներկայացնելու առաջարկներին, ասաց. «Ո՞նց եք պատկերացնում, մարդուն ասում ես' ներկայացրու՝ ի՞նչ արատավոր երևույթներ կան, ես երաշխավորում եմ քո անվտանգությունը, հետո այդ մարդու անունն ու տվյալները հրապարկվում են: Հետագայում որևէ մեկը Պաշտպանի հետ կաշխատի՞, թե ոչ»,-հարցրեց Մարուքյանը:
Ըստ նրա'զեկույցի հանդեպ արձագանքը սպասելի էր, այդքան սուր քննադատությանը դատական իշխանությունը չէր համակերպվելու:
Ի պատասխան հարցի, թե ինչու՞ հիմա Պաշտպանն անդրադարձավ այդ խնդրին, նո՞ր էր իմացել, պատգամավորը ասաց. «Բայց վա՞տ է, որ հիմա է հրապարակել»:
Վերջինս նաև ավելացրեց, որ նախկին պաշտպանն էլ մեկ այլ զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացվել են Եվրոպական դատարանի նախադեպերը և դրան չհամընկնող ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները: