Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.20-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են ստացվել, որ դեկտեմբերի 3-ին ընկերության մասնաճյուղերից մեկի փոստային բաժանմունքում դրամական միջոցների գույքագրում կատարելու արդյունքում արձանագրվել է 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների պակասորդ և 1.632.129 դրամի պակասորդ:

 

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը, 1955 թ. ծնված Սոֆիկ Գ.-ն իր հայտարարություն-բացատրության մեջ նշել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, կորցրել է պահեստասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները, որի մեջ եղել են վերը նշված գումարները:

 

Դեկտեմբերի 3-ին հատուկ մասնագետի օգնությամբ բացվել է պահարանը և պարզվել, որ նշված գումարները չկան:
Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սոֆիկ Գ.-ն 2011-2013 թթ. ընթացքում փոստային բաժանմունքում իրեն վստահված 73.860 դրամի կոմերցիոն ապրանքների և 1.632.129 դրամ գումարը յուրացրել ու ծախսել է անձնական կարիքների համար:

 

Սոֆիկ Գ.-ն միաժամանակ իր բացատրությամբ նշել է, որ գողության փաստը եղել է հորինված:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: