Դեկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 5-րդ հանդիպումը:
Երկխոսությունն անցավ բարեկամական, բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳՆ ԵՄ բաժնի վարիչ Մհեր Մարգարյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ բաժնի պետ Դիրկ Շուբելը:
Երկխոսության ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Քննարկումները կենտրոնացած էին մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու եւ միավորումներ կազմելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության եւ խտրականության դեմ պայքարի շուրջ:
Հայաստանը եւ ԵՄ-ն քննարկեցին նաեւ մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես' ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Հայաստանի եւ ԵՄ միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում: