Հայաստանում խոշտանգման հանցակազմը համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին և Եվրոպական դատարանի կողմից արձանագրված մոտեցումներին: Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած տերեվերջյան ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Այս տարի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների շարքում կցանկանայի առանձնացնել խոշտանգման դեմ պայքարի ինստիտուտի ստեղծումը: Սա չափազանց կարևոր է, քանի որ նախկինում խոշտանգման հանցակազմը նախատեսված էր Քրեական օրենսգրքի «Մարդու իրավունքներ» բաժնում և ոչ թե պետական ծառայության բաժնում, ընդ որում մասնավոր մեղադրանքի հիման վրա հարուցվող գործ էր և այս տեսանկյունից այն արդյունավետ պաշտպանություն չէր կարող ապահովել: Դրա համար այժմ խստացվել է հանցակազմը և ամենակարևորը՝ նախատեսվել է նպատակը, թե ինչ նպատակով պետք է այդ խոշտանգումը իրականացվի, որ դրա հիմքերով հնարավոր լինի գործ հարուցել», - ասաց Արփինե Հովհաննիսյանի:

 

Մանրամասնելով խոշտանգման դեպքում պատժամիջոցների սահմանումը, Արդարադատության նախարարը նկատեց, որ անձին խոստովանական ցուցմունք կամ որևէ այլ տիպի ցուցմունք տալը հարկադրելու կամ որևէ այլ ոչ օրինաչափ նպատակով այլ տիպի հարկադրանք կիրառելու համար այսուհետ նախատեսում է ավելի խիստ պատասխանատվություն: Նաև առանձնացվել է սուբյեկտային կազմը՝ պաշտոնատար անձի և ոչ պաշտոնատար անձի կողմից կատարելը:

 

Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի և ՀՀ օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում համապատասխանության ապահովման, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածում վերոնշյալ հանցակազմը սահմանված էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում և ավելի մեղմ պատիժ էր սահմանում, քան անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանցակազմը: