ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ-Արցախի քաղհասարակություն հանդիպումն Արցախի ՀԿ-ները գնահատում են աննախադեպ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ տասը հասարակական կազմակերպությունների թվում հանդիպմանը ներկա գտնված «Արցախի եվրոպական շարժում ՀԿ» նախագահ Հայկ Խանումյանը: Հանդիպմանը ներկա են եղել մամուլի, կանանց, փախստականների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ:

 

«Սա առաջին անգամն էր, որ ուղղակի կոնտակտ կա նախագահների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջև: Եվ այս հանդիպումները կարևոր են նրա համար, որ Արցախի հասարակության ձայնը բարձրացվի, լսելի լինի»,-ավելացրեց նա:

 

Հանդիպման նախաձեռնողներից' ԼՂ «Դեմո» ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ևս, ինչպես ընդգծեց Հայկ Խանումյանը, հանդիպումը գնահատել է աննախադեպ' այն իմաստով, որ «համանախագահներն են եկել հասարակական կազմակերպության գրասենյակ'հանդիպելու հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ»:

 

ՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ մինչ այդ միայն մեկ նմանատիպ հանդիպում է եղել' Բրյուսելում'Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եվրոպական նախաձեռնությամբ, որի մաս են կազմում միջազգային հինգ կազմակերպություն:

 

Քանի որ հանդիպման ընթացքում որոշվել է, որ կողմերի' քննարկված թեմաների շուրջ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս որևէ բան չեն ասելու, Հայ Խանումյանը' արցախցի փորձագետների և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիվանագետների հարցերն ու պատասխանները ներկայացնելու առումով սահմանափակումներ ուներ:

 

Այնուհանդերձ նա ընդհանուր գծերով ներկայացրեց քննարկված հարցերի շրջանակը:

 

«Բարձրացրել ենք հարցադրումներ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների՝ և՛ բանակցությունների տրամաբանությունը փոխելուն, և՛ մեթոդոլոգիային: Այս հարցերի շրջանակներից մինչև կոնկրետ առաջարկներ: Նաև նշեմ, որ համանախագահները զարմացած են եղել մեր՝ բանակցությունների փաթեթին լավ տիրապետելու կապակցությամբ: Այսինքն' իրենք այլ հասարակությունների հետ հանդիպելով նման տպավորություն չեն ստացել»,-ասաց արցախցի փորձագետը:

 

Ի պատասխան հարցի, թե խոսվե՞լ է այն մասին, որ Ղարաբաղի հասարակության համար անընդունելի են բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները, ասաց. «Դե, ես չգիտեմ, պարզ է, որ եթե մեր կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել, նշանակում է, որ հին առաջարկները մեզ համար անընդունելի են, դրա համար էլ ներկայացրել ենք նոր առաջարկություններ: Նաև խոսել ենք տրամաբանության փոփոխության մասին»:

 

Հայկ Խանումյանի խոսքով՝ «համանախագահները ներկայացրել են այն ուղեցույցը, որն այսօր քննարկվում է»:

 

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել էր, որ որոշ ժամանակ անց Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին:

 

Ի պատասխան հարցի, որ այս հայտարարությունը և՞ս դրական է գնահատվում, ՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ դրա մասին բոլորն էլ խոսում են, որ ինչ-որ փուլում Ղարաբաղը պետք է միանա:

 

Սակայն, ըստ Հայկ Խանումյանի, դա պետք է հիմա արվի, որովհետև Ղարաբաղի շուրջ բանակցություններին պետք է մասնակցի Ղարաբաղը, և որ որևէ ձեռք բերված արդյունք վստահաբար Ղարաբաղի համար ճանաչելի լինի: