Վ. Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի շուրջ երկու կողմերի փաստաբանների կարծիքները տրամագծորեն տարբերվում են՝ թե ավտոմեքենայի արագության, թե վարորդի ալկոհոլ օգտագործած լինել-չլինելու և թե նույնիսկ ավտոմեքենաների բախման տեղի վերաբերյալ:
Այս բոլոր հարցերի շուրջ երեկ իր կարծիքն էր հայտնել տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը: «Փաստինֆո»-ն խնդրեց նաև Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ներկայացնել իր գործընկերոջ պնդումների մասին սեփական տեսակետները:
-Տուժող կողմի փաստաբանը երեկ իր հարցազրույցում անդրադարձավ մի խնդրի, որ մինչ օրս, կարծես թե, դուրս էր մնացել ուշադրությունից. խոսքը «Նիվա» ավտոմեքենայի շուրջը թափված հեղուկի մասին է: Ռուբեն Բալոյանը նշեց, որ դա մեքենայի բեռնախցիկում եղած հեղուկներն են, որոնց տարաները կոտրվել են վթարի հետևանքով և արտահոսել դուրս, ինչը և վկայում է, որ բախումը տեղի է ունեցել հենց այդ' հողածածկ տարածքում:
- Իմ կարծիքով՝ դա ոչ թե մեքենայի յուղ է կամ չսառչող հեղուկ, այլ դեպքի վայր ժամանած փրկարարները, տեսնելով, որ Նիվայի բեռնախցիկում գազի բալոն կա, կանխելու համար հնարավոր պայթյունը, ջուր են լցրել: Դա հենց այդ ջուրն է: Յուղը բոլորովին այլ տեղում է թափված: Դա մեքենաների հետվթարային դիրքերն են: Երկու ավտոմեքենաներն էլ վթարի ենթարկվելուց հետո որոշ տարածություն են անցել և կանգ առել: Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան գնացել է դեպի կողնակի կողմը և կանգնել կողնակի վրա, իսկ Նիվա մակնիշի ավտոմեքենան պտտվել է և թողելով իր խլացուցիչով արված հետքն ասֆալտին՝ պտտվել ու կանգ է առել: Դա ջուր է թափված, իսկ յուղն ու անտիֆրիզը բոլորովին այլ տեղում են թափված: BMW մակնիշի ավտոմեքենայի յուղն ու անտիֆրիզը դեպի Եղվարդ գնացող ճանապարհի վրա են թափվել, ինչպես նաև՝ ապակիները: Ինչը և վկայում է, որ վթարը հենց այդ տեղում է եղել: Լուսանկարներում հստակ երևում է՝ վթարը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ թափված է BMW-ի յուղը, ոչ թե այնտեղ, որտեղ կանգնած է Նիվան: BMW-ից պետք է մի քանի մետր հետ գնանք, այդ բանուկ հատվածում էլ թափված են յուղը, անտիֆրիզը և Նիվայի հետևի ապակին: Այդտեղ էլ հենց տեղի է ունեցել բախումը:
- Իսկ Ռուբեն Բալոյանն իր հարցազրույցում նշում է, որ բախման վայրը այնտեղ է, որտեղ թափված են BMW- ի մասերը:
- Մինչև վթարի պահը՝ արգելակման հետքեր չկան, արգելակումը տեղի է ունեցել վթարից հետ: Այսինքն՝ արգելակելուց հետո BMW-ն գնացել է որոշակի տարածություն: Հարվածի հետևանքով՝ ջարդված պլաստմասե կտորները լցվել են շարժիչի ծածկոցի վրա: Դրանք թափվել են արդեն արգելակելուց հետո՝ շարժման հետ զուգահեռ: Դրա համար որոշ մասեր արդեն արգելակման հետ հայտնվում են BMW-ի տակ:
- Տուժող կողմի փաստաբանը նաև Նիվայի կողային հայելիների հարցն է վիճարկում' պնդելով, որ դրանք հանվել են օգնության հասած մարդկանց կողմից, երբ վերջինները փորձել են բացել ավտոմեքենայի դռները: Դուք մինչև հիմա ասում էիք, որ մեքենայի հայելիներն ընդհանրապես բացակայում են:
- Ավտոմեքենայի լուսանկարից երևում է, որ երկու հայելիներն ընդհանրապես չկան: Եվ 2 հայելի չեն էլ գտել, գտել են միայն մեկ հայելի, արձանագրության մեջ երկրորդ հայելին չի էլ հիշատակվում: Հետագայում գտել են մեկը: Պարզ երևում է, որ հայելիները չէին կարող սրահի ներսում հայտնվել:
- Այսինքն՝ դուք ենթադրում եք, թե հայելին հետո՞ է դրվել, թե՞ պոկել են ու գցել սրահի մեջ:
- Չեմ կարող ասել, թե պոկել են գցել սրահի մեջ, և, ընդհանրապես, դրա պոկելու կարիքը չկար: Հայելին ինքը ծալվում է: Այսինքն եթե իրենք դուռը ծալեին, հայելին էլ հետը կծալվեր: Հայելին պոկելու իմաստը չկա, քանի որ ինքը խնձորակի պես է, շարժական և դուռը ծալելու դեպքում հայելին հեշտությամբ կծալվեր:
- Տուժողի ներկայացուցիչը վիճարկում է, որ Վարդան Պետրոսյանը նաև այլկոհոլի ազդեցության տակ է եղել, թեև դուք բազմիցս, այդ թվոււմ նաև մեզ հետ ունեցած ձեր հարցազրույցներում, հակառակն եք պնդել:
- Որպես կանոն չկա այդպիսի գործ, որտեղ անկախ ամեն ինչից կողմերն իրար չմեղադրեն ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ: Բայց կա խմած լինելու հանգամանքը ստուգելու կառավարության որոշում, որի համաձայն՝ պետք է ստուգվեր խմածության փաստը: Ստուգումը կատարվել է, արդյունքները առկա են: Դա արվել է վթարից անմիջապես հետո, «Նաիրի» հիվանդանոցում' քննիչի որոշման հիման վրա:
«Էրեբունի»բժշկական կենտրոնում մենք ունենք գրավոր ապացույց, որ խմածության ստուգում չի կատարվել: Էրեբունի բժշկական կենտրոնից ունեմ նաև գրավոր պատասխան, որ «Էրեբունի» ԲԿ-ն ընդհանրապես խմածության ստուգում կատարելու լիազորություն չունի: Եթե այդ մարդը խմած էր, առաջին հերթին Բալոյանը պետք է միջնորդի, որ քննիչին պատասխանատվության ենթարկեն, որ կեղծ ակտ է կազմել՝ բժիշկների եզրակացության հիման վրա, որ Վ.Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում: Այս պարագայում քննիչն ակնհայտ ապօրինություն է թույլ տվել. տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը խմած է և ստանալով սթափ լինելու մասին եզրակացություն, սանկցիայի չի ենթարկել փորձագետին: Կամ ինչու՞ մեզի կամ արյան փորձաքննությունը նշանակում է շատ ուշ, որ պատասխանը գալիս է, թե ալկոհոլի քանակությունը չի կարող հայտնաբերվել, քանի որ ժամանակն անցել է: Կառավարության որոշման համաձայն՝ մարդու խմածության փաստը կարող է ստուգվել միայն օդի միջոցով, արյան և մեզի: Այլ միջոցներով՝ բանավոր, ինչ-որ վկաներ եթե հայտնվեն, (որովհետև դառը փորձ ունենք ապօրինությունների) որ ասեն, թե՝ այո, մենք տեսել ենք, որ Վարդանը խմած է եղել, դա օրենքով թույլատրելի չէ, հետևաբար՝ նման ապօրինիությունների, եթե անգամ նախաքննական մարմինը գնա, միևնույն է՝ դա ոչ մի իրավական ուժ չի ունենալու»:
Շարունակությունը՝ այստեղ: