Ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը հատկացվել է հանրապետության բուժհաստատություններին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը' երկու ամսվա կտրվածքով:
Այդպիսով, շաքարային դիաբետով հիվանդները կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։ Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով հատկացվել են հոգեմետ դեղեր:
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ' 010-52-88-72 հեռախոսահամարով։ Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև 2014 թվականի 2-րդ տասնօրյակը: