Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի փաստով հարուցված քրեական գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

 

Ըստ աղբյուրի, գործը քննելու է այդ բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նախկինում քրեական գործը հարուցվել էր ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչությունում, իսկ նախկին քննիչ Հայկ Հակոբյանը այժմ գտնվում է արձակուրդում:

 

Հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 

Նկատենք, որ ոստիկանության քննիչ Հայկ Հակոբյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: