«Գազային» համաձայնագրերը Հայաստանի կապիտուլյացիայի մասին են: Ազգային ժողովի մեծամասնությունը սկսեց զիջել Հայաստանի անկախությունը, որովհետև այն պայմանագրերը, որոնք երեկ դրվեցին վավերացման, հակասահմանադրական էին, և Հայաստանն իր իրավունքները զիջեց ռուսական «Գազպրոմ»-ին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը' մեկնաբանելով երեկ ԱԺ արտահերթ նիստում համաձայնագրերի քվեարկությունը:
Նրա խոսքով' Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին զիջեցին անկախության կարևորագույն մասը' էներգետիկ անվտանգությունը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի' Հայաստանն այլևս չի կարող գազի և էլեկտրաէներգիայի հետ կապված գործարքներ իրականացնել, որովհետև դա կհակասի «Գազպրոմ»-ի շահերին: Ոչ էլ կարող է էժան էներգիայի աղբյուր գտնել:
Մեր զրուցակցի խոսքով' վաղը չէ մյուս օրը գազի գինը, ասենք, Ռուսաստանի Օրենբուրգի մարզում կարող է հասնել աստղաբաշխական թվերի, այդ դեպքում անգամ Հայաստանը չի կարող Իրանից կամ այլ տեղից գազ ներկրել: Իսկ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ իր երկրի ներսում էլ գազի գները պետք է աստիճանաբար հասնեն միջազգային գներին:
Դիտարկմանը, որ խորհրդարանում «գազային» համաձայնագրերի քննարկման ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարարն ասել է, որ ցանկացած դեպքում գազային համաձայնագրերը չեն խանգարի, եթե Հայաստանը ցանկանա այլ երկրից էժան գազ ներկրել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ թե' նախարարը, թե' իշխանությունները բառախաղ են կիրառում: Ըստ նրա' նրանք բառախաղի արվեստին ժամանակին շատ լավ տիրապետում էին, սակայն հիմա հասարակությունն արդեն ամբողջովին ստախոսություն է համարում նրանց ասածները:
«Չեմ հավատում էներգետիկայի նախարարի որևէ խոսքին ու հիմնավորմանը, որովհետև դեռ տարիներ առաջ են նրանք անցել ստախոսության, և 300 միլիոն դրամի պարտքը դրա վառ վկայությունն է: Այն ինչ գրված է թղթի վրա, ես դրան եմ հավատում: Սուտ խոսելով'իշխանությունները ընդամենը մեկ խնդիր են լուծում' անօրինական իշխանության երկարաձգում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: