Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի տարեկան զեկույցը կրում է ,Կողմնորոշման տարիե խորագիրը: Սա հիմնադրամի արդեն վեցերորդ տարեկան զեկույցն է, որն ամփոփում է անցնող տարում Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և այլ զարգացումները: Հիմնադրամի տարեկան զեկույցներն ամփոփումից բացի՝ կանխատեսում են հաջորդ տարվա հեռանկարներն ու առաջարկում լուծումներ:

 

Ահա թե ինչ լուծում էր առաջարկում մեկ տարի առաջ Սիվիլիթաս հիմնադրամի 2012-ի տարեկան զեկույցը 2013-ի համար.

 

«Հայաստանն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցում պետք է հստակություն մտցնի: Եթե եվրոպական ինտեգրումը առաջնահերթություն է և նպատակ, ապա դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միությանը մաս կազմելու խոսակցություններն ու քննարկումները պետք է մի կողմ թողնել: Իսկ եթե, ի վերջո, Հայաստանը ստիպված լինի մաս կազմել ռուսական այդ ծրագրին, ապա ավելի լավ է այդ մասին ակնեղծորեն տեղեկացնի, քանի որ անորոշությունը բացասաբար է ազդելու Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրաե:

 

Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի երկրորդ կեսին: Ստորև ներկայացված են այդ զեկույցի «Հեռանկար և լուծումներ» բաժինները:

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հեռանկար

 

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերագործարկումը արդյունք չի տվել, հակառակը, խորացել են հակասությունները: Նույնը կարելի է ասել Ռուսաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների մասին՝ հաշվի առնելով տարեվերջի իրադարձությունները, երբ Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել, իսկ Ուկրաինան՝ ստորագրել Ասոցացման համաձայնգիրը Եվրոպական Միության հետ: Հայաստանը, չունենալով որոշակիություն և արտաքին քաղաքական հենք, 2014-ին շարունակելու է զոհ լինել այդ հակասությունների հետևանքներին՝ չկարողանալով օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից, ինչպես դա արեց Ուկրաինան:

 

2013-ի վերջին Կովկասում բաժանարար գծերն առավել հստակեցվեցին: Եթե Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար ընդամենը մեկ ընդհանրական գործոն էր մնացել՝ եվրոպական ինտեգրացիան, դա նույնպես հօդս ցնդեց: Վրաստանը հավատարիմ մնաց եվրոպական ուղղությանը, Հայաստանը հրաժարվեց դրանից, իսկ Ադրբեջանը պահպանեց չեզոքությունը: Սա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ 2014-ին տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա:

 

Չնայած Թուրքիան զբաղված կլինի իր ներքին սկանդալային խնդիրներով, նախագահական ընտրություններով, սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին կշարունակի իմիտացիոն իր քաղաքականությունը, որ Հայաստանի հետ պատրաստ է մերձեցման ու զիջումների: 2015-ի նախօրեին Անկարայի համար չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատելու պատրանքներ և միջազգային հնչեղություն ստեղծել, թե հայերն ու թուրքերը երկխոսության մեջ են: Հայաստանը, նաև Սփյուռքի գործոնը հաշվի առնելով, փորձելու է չներգրավվել հայ-թուրքական գործընթացներում:

 

2014-ին հայ-թուրքական սահմանի բացման հեռանկար չի երևում հիմնականում Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր տեղաշարժի անհավանականության պատճառով: Հայաստանի խորհրդարանը, սակայն, պատրաստ կլինի անգամ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին վավերացնել արձանագրությունները, եթե առաջինը դա անի Թուրքիայի խորհրդարանը, ինչպես նաև ունենա հստակ երաշխիքներ, որ վավերացումից հետո դրանք կյանքի կկոչվեն:

 

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսական ակնկալիքներին, 2014-ին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում առաջընթացը քիչ հավանական է: Կողմերն իրենց դիրքորոշումներով երբևէ այսքան հեռու չեն եղել իրարից: Ադրբեջանը 2014-ին շարունակելու է հնարավորինս չեզոքացնել և հրաժարվել Մադրիդյան փաստաթղթից կամ դրա որևէ այլ տարբերակից, որտեղ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի անսահմանափակ ինքնորոշման իրավունքը:

 

2013-ի դեկտեմբերին Ադրբեջանը British Petroleum-ի հետ ստորագրեց համաձայնագիր՝ կառուցելու մի գազատար, որով Ադրբեջանի կասպիական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպա: Եվրոպական Միությունն ակնկալում է առաջիկա տարիներին իր գազի պահանջարկի շուրջ 20 տոկոսը բավարարել այդ գազատարից: 2014-ին այս նախագիծը կշարունակի մնալ ռազմավարական իրադարձություն: Խողովակաշարի շահագործումը կփոխհատուցի նավթից ստացվող եկամուտների նվազումը և Ադրբեջանին հավելյալ քաղաքական կշիռ կհաղորդի իր օրակարգը առաջ տանելու համար:

 

Պետք չէ ակնկալել, որ Եվրոպական Միությունը համագործակցության նոր ձևաչափ կառաջարկի Հայաստանին: Նա ակնկալելու է, որ Հայաստանը ինքը առաջարկի, թե ինչին է պատրաստ, թեև Եվրոպական Միությունն այսուհետ կասկածանքով և անվստահությամբ կվերաբերվի Հայաստանի առաջարկներին ու քայլերին:

 

Իրան-ԱՄՆ և Իրան-Արևմուտք հարաբերություններում կարող է սկսվել իրական ձնհալ, եթե մի կողմից Իրանի նորընտիր նախագահն ու երկրի հոգևոր իշխանությունը, մյուս կողմից արևմտյան առաջնորդները հաշվի առնեն միմյանց նվազագույն ակնկալիքներն ու հետաքրքրությունները:

 

Թեև Վրաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած կառավարությունն ու նախագահը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ի տարբերություն նախորդ իշխանությունների որդեգրել են ավելի իրատեսական քաղաքականություն, Թբիլիսի-Մոսկվա ճգնաժամը հաղթահարելու նախապայմանները առկա չեն: Վրաստանը հաստատակամ է իր եվրաինտեգրման քաղաքականությունը առաջ տանելու հարցում, ինչը Ռուսաստանը շարունակում է դիտել որպես Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի ընդարձակում դեպի իր ազդեցության գոտիներ: Ռուսաստանը չի հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից, հետևաբար' վրաց-աբխազական և վրաց-օսական բանակցություններում լուրջ առաջընթացի տեղ չի մնա:

 

Լուծումներ

 

Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր քաղաքականությունը Եվրոպական Միության նկատմամբ: Հաշվի առնելով, որ Մաքսային միությանն անդամակցությունը շատ արագ է ընթանալու, Հայաստանը սկզբիցևեթ պետք է նախաձեռնություն դրսևորի և վերսկսի բանակցությունները Եվրոպական Միության հետ՝ փորձելով վերականգնել վստահությունը, ինչպես նաև հիմնվելով Ասոցացման համաձայնագրի՝ բարեփոխումներին վերաբերող փաթեթի հատվածի վրա՝ իր առաջարկները ներկայացնի Եվրոպական Միությանը:

 

Գիտակցելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև մնացած միակ ընդհանրական հարթակը՝ եվրոպական ինտեգրացիան, արդեն չկա, 2014-ին Հայաստանն առավել մեծ ջանք և նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Վրաստանի հետ հարաբերությունների հստակեցման գործում, ինչպես նաև առաջարկի տնտեսական ինետգրացիոն ծրագրերի իրականացում:

 

Թուրքիայի արտգործնախարարի վերջին այցը Հայաստան, դրան նախորդած հայտարարություններն ու տեղեկատվական արտահոսքերը վկայում են, որ Թուրքիան սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ հնարավոր զարգացումների դեմն առնելու իր քաղաքականությունը: Հայաստանը հստակ մոտեցումներ պետք է ձևավորի, որպեսզի անընդհատ չհայտնվի այդ նախաձեռնություններին պատասխանողի դերում և ինքը ուղղորդի իրադարձությունները, ինչպես նաև 100-րդ տարելիցի հետ կապված՝ պետք է սկսի բյուրեղացնել ծրագրերն ու նախաձեռնությունները:

 

Երևանը պետք է նախաձեռնություն դրսևորի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու և գոնե մինչև 2008-ի ֆուտբոլային դիվանագիտությունը ունեցած մակարդակը վերականգնելու ուղղությամբ: Հայաստանի համար ամենից ոչ շահեկան դրությունը կլինի, եթե շարունակվի նախորդ տարիների կեցվածքը, այն է' Երևանը ստորագրել է երկու արձանագրությունները, կատարել իրենից հասանելիքը, և գնդակը Թուրքիայի դաշտում է։ Այս իրավիճակը, երբ արձանագրությունները չեն վավերացվում, և Հայաստանը դրանցից չի հրաժարվում, բացառապես ծառայում է Թուրքիայի շահերին:

 

Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պետք է կանխի Մադրիդյան փաստաթղթից հրաժարվելու և բանակցությունները նոր էջից սկսելու Ադրբեջանի փորձերը, որոնց նպատակն է միջազգային հանրության գիտակցությունից հանել արդեն ամրագրված՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հեռանկար

 

2013-ը Հայաստանի համար ավարտվեց մի կողմից խորհրդարանական մեծամասնության կողմից երկրի ինքնիշխանությունը սահմանափակող գազի պայմանագրի վիճահարույց վավերացմամբ, մյուս կողմից՝ ոչ իշխանական ուժերի աննախադեպ համախմբմամբ: Սա լուրջ ջրբաժան է և կշարունակի խորանալ 2014-ի ընթացքում:

 

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ակնհայտ կդարձնի իշխանությունների՝ վերարտադրման ձևերի մտադրությունները: Ենթադրվում է, որ փորձ է արվելու ուժեղացնել վարչապետի դերը՝ իշխանության մեջ հետագա փոխատեղումների համար: Սա միանշանակորեն կբերի քաղաքական հավելյալ լարվածության:

 

Հաշվի առնելով գազային համաձայնագրի՝ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող բնույթը՝ Մաքսային միությանը վերաբերող յուրաքանչյուր օրինագիծ էությամբ չի տարբերվելու այդ տրամաբանությունից, խորացնելու է ջրբաժանը խորհրդարանում և նպաստելու է ոչ իշխանական ուժերի առավել համախմբմանը:

 

Մաքսային միությունում և ԵվրԱզԷՍ-ում ժողովրդավարական թույլ ինստիտուտները կստվերեն Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարները: Սա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա հանրությանը, քաղաքական ու քաղաքացիական ուժերին, ինչպես նաև հայկական սփյուռքին:

 

2014-ին շարունակվելու են քաղաքացիական հանրության բողոքի դրսևորումները՝ հաշվի առնելով կառավարության չարաշահումները, օրեցօր վատթարացող սոցիալական վիճակը և խնդիրները լուծելուն ուղղված ոչ համարժեք քայլերը, օրինակ՝ գազային համաձայնագիրը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակավրեպ ներդրումը և տրանսպորտի սակագնի բարձրացման փորձը: Դրան կգումարվի ամեն գնով պետական գանձարանը լցնելու կառավարության գործելաոճը:

 

Լուծումներ

 

Իշխանությունները պետք է գիտակցեն խորացող քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը և գնան այնպիսի քայլերի, որոնք կնպաստեն գաղջ մթնոլորտի վերացմանը, հասարակական համախմբանը և քաղաքական ներկապնակի առավել մեծ ներգրավմանը:

 

Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և իշխանության անդրդվելի վարքագիծը՝ պետք չէ հույս ունենալ, որ իշխանությունը նախաձեռնություն կդրսևորի:

 

Կարևոր է ոչ իշխանական ուժերի համախմբումը, հանրության լայն շերտերի ներգրավումը, մամուլի անաչառությունն ու աչալրջությունը: Իշխանությունների առջև թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաև սխալներն ընդունելու և շտկելու համընդհանուր պահանջ պետք է դրվի:

 

Երկրի քաղաքական համակարգում հակակշիռների բացակայության պայմաններում և երկրի առաջ ծառացած անհետաձգելի խնդիրների առկայության պայմաններում օրվա հրամայականն է, որ քաղաքական ուժերը փաստացի իրենց վրա միասնաբար վերցնեն քաղաքական համակարգին հակակշռելու գործառույթը:

 

Ժամանակն է, որ իշխանությունները արտագաղթի երևույթին համարժեք արձագանք ցուցաբերեն, քանի դեռ երկիրը չի հասել ազգային անվտանգությանը սպառնացող կրիտիկական շեմին: Քանի որ արտագաղթը ոչ միայն սոցիալական, այլ նաև արդարության պակասի հետևանք է, որպես առաջին քայլ իշխանությունները պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն՝ փոխելու երկրում օրեցօր խորացող անվստահության, ամենաթողության և ցինիզմի մթնոլորտը:

 

Սփյուռքն իր օրակարգում պետք է ունենա ոչ միայն Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերը, այլև այն ընդլայնի երկու հրատապ՝ արտագաղթի կասեցման և օրենքի գերակայության հաստատման խնդիրներով:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Հեռանկար

 

Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՆ-ում, Եվրոպական Միությունում և զարգացող երկրներում տնտեսական աճի լավատեսական կանխատեսումներին, Հայաստանի համար առավել կարևոր երկրում՝ Ռուսաստանում, տնտեսական աճի հեռանկարները նվազ լավատեսական են: 2014-ին շատ բան կախված կլինի նավթի գներից: Գլոբալ տնտեսական աճի պայմաններում դրանք մի կողմից բարձրացման միտում կունենան, մյուս կողմից՝ մի շարք գործոններ, այդ թվում՝ էներգետիկ ինքնաբավության անցնելու ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունն ու իրանական նավթի արտահանման սահմանափակումների հնարավոր վերացումը կարող են նպաստել նավթի գների անկմանը: Ամեն դեպքում, նավթի 85 դոլարից ցածր գնի պայմաններում Ռուսաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի, ինչը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար:

 

Հայաստանում տնտեսական աճի հեռանկարը մշուշոտ է: 2013-ին նախագահի նախանշած 7 տոկոս աճի փոխարեն արձանագրվելու է մոտ 4 տոկոս աճ: 2014-ի բյուջեում ծրագրված 5 տոկոս աճի հավանականությունը մեծ չէ: Բյուջեի ծախսերի ավելացումը կբերի հարկային բեռի ծանրացման, որը կխոչընդոտի թե՛ ներդրումները, թե՛ պահանջարկը՝ զսպելով տնտեսական աճը:

 

Սպառողական պահանջարկի վրա բացասական կազդի նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և վարչական այլ վճարումները, որոնք կգործեն 2014-ից:

 

2014-ի բյուջեն մեծ հաշվով զսպողական է: Չկան պետական ներդրումային ծրագրեր, ծանր է հարկային բեռը և սահմանափակ է շրջանառության մեջ դրամի զանգվածը: Հակառակ տարեվերջին դրամն էժանացնելու փորձերին, դրանք չեն խթանի ներդրումներն ու տնտեսական աճը, քանի որ չկան մեխանիզմներ, որոնք այդ նվազեցումը կարտացոլեն առևտրային տոկոսադրույքների վրա: Բացասական են նաև տնտեսվարողների սպասումները։ Հաշվի առնելով տնտեսության բարձր ռիսկայնությունը՝ անկախ տոկոսադրուքյներից, բանկերի վարկավորման պայմանները կշարունակեն լինել խիստ և սահմանափակ:

 

Մաքսային միությանն անդամակցելու պահից սկսած՝ կզգացվեն Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունները: Մաքսային միությունը նշանակում է ազատ առևտուր և մաքսային կարգավորման ընդհանուր դաշտ:

 

Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ԱՊՀ շրջանակում միշտ ունեցել է ազատ առևտուր: Երբ գումարվեն մաքսային ընդհանուր պայմանները, դրան չի կարող դրական բան ավելանալ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի մաքսային կարիքներն ու շահերը տարբեր են: Չի բացառվում, որ 2014-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը խնդիրներ և բողոքարկումներ դնի Հայաստանի առջև, ինչը լուրջ խոչընդոտ կարող է լինել Հայաստանի առևտրային մյուս գործընկերների հետ հարաբերություններում:

 

Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրումից հրաժարվելով՝ Հայաստանը կորցրեց հնարավորությունը օգտվելու մոտ 500-միլիոնանոց՝ աշխարհի ամենագնողունակ շուկայից: Հայաստանը, ըստ ամենայնի, կզրկվի նաև Եվրոպական Միության կողմից դոնորների հնարավոր գումարվելիք համաժողովից և անմիջապես բյուջե ներմուծվող դրամաշնորհներից:
Լուծումներ

 

Տնտեսական աճի ապահովման հարցում կառավարությունը պետք է փորձի օգտագործել ներքին ռեսուրսները։ Եթե կառավարությունը չի հրաժարվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, ապա գոնե այդ համակարգով հավաքագրված և պետական պարտատոմսերում ներդրված գումարները պետք է ուղղի ոչ թե ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այլ երկարաժամկետ ծրագրերին, որոնք կապահովեն տնտեսական աճ և կստեղծեն նոր աշխատատեղեր։
Տնտեսական աճի խթանման համար կառավարությունը պետք է արագացնի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ,Հյուսիս-հարավե ավոտճանապարհի կառուցումը։

 

Սպառողների և ներդրողների վստահության բարձրացման նպատակով կառավարությունը պետք է իրականացնի համակարգային բարեփոխումներ՝ բիզնեսը իրականում տարանջատելով իշխանությունից։

 

Կառավարությունը պետք է ոչ միայն հայտարարի, այլև իրականացնի ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն։ Իհարկե, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պայմաններում միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով գնաճի վերահսկումը չափազանց կարևոր է, սակայն կարճաժամկետ առումով նախապատվությունը պետք է տրվի Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրներին՝ տնտեսական աճին, գործազրկության կրճատմանը և աղքատության հաղթահարմանը:

 

Հաշվի առնելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման գործընթացի ձախողումը և եվրոպական ներդրողների շրջանում Հայաստանի նկատմամբ վստահության կորուստը՝ կառավարությունը պետք է կտրուկ բարեփոխի գործարար միջավայրը՝ ոչ միայն միջազգային զեկույցների սանդղակներում դիրքերը բարելավելու, այլև նոր ներդրողների ներգրավման և կապիտալի արտահոսքը կանխելու համար։

 

 

Սիվիլիթաս Հիմնադրամ