Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում հաջողություններ արձանագրած մի շարք անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:

 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

 

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ ամենօրյա քրտնաջան աշխատանքը՝ ուղղված երկրի զորացմանն ու բարգավաճմանը, Արցախի անկախ պետականության ամրապնդմանը, հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և արժանի է բարձր գնահատանքի:

 

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ավելի մեծ նվիրվածությամբ աշխատելու և նոր հաջողությունների հասնելու գործում՝ հավելելով, որ ցանկացած ոլորտում արձանագրած ձեռքբերումները մեր ողջ ժողովրդի հաղթանակն է և մեծապես նպաստում է համընդհանուր գործի առաջընթացին:

 

Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: