Hetq.am-ը հեռախոսազրույց է ունեցել դերասան, 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ:
-Վարդա՛ն, ինչպե՞ս եք, առողջությունն ինչպե՞ս է Ձեր:
-Առողջական վիճակս բավարար է, համեմատաբար լավ եմ, կրիզիսային վիճակն անցավ: Գիտե՞ք, դատարանից կալանավայր ինձ բերեցեին կիսագիտակից վիճակում պատգարակի վրա: Երբ անկողին մտա, տեսա շուրջս հավաքված սև հագած տղաներ՝ կալանավոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խոսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, հետո թեյ բերեցին, զարմանալի մի թեյ՝ մեղրամոմով: Տվեցին գաթա: Կհավատա՞ք՝ 10-15 րոպեում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նույնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդեն կարգավորվել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տևել՝ 10 ժամից ավելի: Այդ ողջ ընթացքում ինձ մոտ էր շտապօգնության բժիշկը, ով հետևում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիվանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մեկ-մեկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողության տակ եմ:
-Մարդու կյանքում բեկումային թվեր կան: 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս եք բնորոշում:
- Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է:
-Վթարից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատավոր, շատերը՝ փաստաբան: Ձեր հայտնի լինելը, ի՞նչ եք կարծում, խանգարե՞ց:
-Հասկանալի էր, որ իմ հայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Հետո առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները և դրանց դեմ հակազդեցությունները շատ վնասեցին, նախաքննության ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրավորեցին: Իմ կալանավորումը չափից դուրս արագ էր, չափից դուրս եռանդ կար այդ ամենի մեջ, հիվանդ վիճակում կալանավորելը, ինձ դատարան քարշ տալը: Այս ամենը մարդկանց վիրավորեց, գրգռեց, սկսեց շարժում ի պաշտպանություն ինձ: Բնականաբար դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ զոհված երեխաների ընտանիքների վրա:
Այն, ինչ տեղի է ունենում մակերեսում, ի վերջո ծածկում է այն, ինչ կա խորքում: Եվ ես ավելի շատ մտածում եմ խորքի մասին: Իմ մտքերն այլ տեղ են՝ դատավոր, դատապաշտպանից շատ հեռու: Եվ մինչև իրար մեղադրելը, մինչև իրար վրա քար նետելը մարդ իրապես պիտի հասկանա այն ողբերգությունը, ինչն իրականում տեղի է ունեցել: Ինձ 5-րդ կամ 6-րդ օրն ասացին, որ երկու պատանի զոհվել է և մեկն էլ ողջ է մնացել, փառք Աստծո, բայց ծանր վիրահատություններ է տարել: Եվ իմ առաջին միտքը և խնդրանքը եղել է սա. երբ ի վիճակի կլինեմ քայլելու, թեկուզ ուրիշի օգնությամբ, ինձ տարեք այդ մարդկանց տուն, որովհետև ես այդպես եմ պատկերացնում առաջին քայլը՝ կիսել այդ մարդկանց վիշտը, սուգը, ցավը, որովհետև ես մասնակից եմ դրան թեկուզ իմ ճակատագրի բերումով, որովհետև դա, այնուամենայնիվ, նաև իմ մասնակցությամբ է տեղի ունեցել: Ես պատրաստ եմ եղել մտնել տուն, խոնարհվել այդ մայրերի առաջ, փարվել նրանց ոտքերին, սգալ տղամարդկանց հետ, թաքուն արտասվել, կիսել ամբողջությամբ նրանց վիշտը: Բայց, ավաղ, հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ինձ ձերբակալեցին: Իմ ընկերները գնացել են Հակոբյանների մոտ, ցավակցել, այցելել գերեզմանները, միասին մատուցել պատարագ:
Ցավոք, իմ մասին խոսքի վրա արգելք է դրվել, կալանք է դրվել: Իրենք չեն ուզեցել իմ անունը լսել: Ես դա նույնպես հասկանում եմ: Եվ ես մտածել եմ, որ ժամանակ է պետք: Ցավալին այն է, որ այսօր այդ ժամանակը փոխարենը գնալով հանգստացնի կրքերը, բերի առողջ բանականության, հակառակը՝ ավելի է գրգռում: Եվ մենք սկսում ենք իրար վրա մեղքեր ման գալ: Ինչի դա կբերի, որևէ լավ բանի՞: Արդյո՞ք զոհված երեխաներին մի օգուտ կտա կամ այն աղջկան, ով ծանր վիրահատություններ է տարել և հիմա էլ ունի բժշկական օգնության կարիք: Ես սրտանց ցանկացել եմ մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ՝ Նահանգներից իմ ընկեր-բժիշկների միջոցով առաջարկել օգնություն: Վկա է Աստված՝ քանի-քանի ընտանիք եմ ես մտել, քանի-քանի սգավոր մարդկանց եմ օգնել, ինչքան մարդկանց եմ մխիթարել, բայց զարմանալի է, որ այս պարագայում դռները փակ են իմ առաջ: Ի՞նչ կարող եմ ես անել: Այդ վիշտը հասկանում եմ, որքան հնարավոր է դա հասկանալ:
Չգիտեմ, արդյոք կարո՞ղ են այդ չափով էլ ինձ հասկանալ: Չէ՞ որ իմ մեջ էլ կա մի մեծ տառապանք, վիշտ: Չէ՞ որ ես ինձ նաև մեղավոր եմ զգում այդ ընտանիքի առաջ: Սարսափելի բան է մեղքի զգացումը: Չէ՞ որ զոհված երեխաները, որ մինչ այդ իրենցն էին, այսօր ինչ-որ տեղ, ինչ-որ չափով նաև իմն են: Արդյո՞ք այդ ընտանիքները կհասկանան իմ այս միտքը, արդյո՞ք չեն չարանա: Իմ համար այդ երեխաները կենդանի են, և ես նրանց հետ գնալու եմ դեպի ապագա… մինչև վերջին ժամանակները: Մենք իրար հետ պիտի կանգնենք Աստծո առաջ, և ես իմ բաժին պատասխանը տամ:
Չէ՞ որ ինձ էլ ինչ-որ չափով այս առումով պետք էր օգնություն: Իսկ երբ մարդուն հալածում են, «քարշ են տալիս» պատասխանատվության, այն էլ կիսագիտակից վիճակում, նա սկսում է պաշտպանվել: Արդյո՞ք բնական չէ իմ պաշտպանվելը, որ զարմացնում է որոշ մարդկանց: Եվ այս փոխադարձ ինքնապաշտպանությունը բերեց նրան, որ մենք սկսեցինք քար նետել իրար վրա:
Այս ամբողջ նախաքննությունը տանում է ինչ-որ մի դատավարության, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում: Իսկ ի՞նչ է ինձ համար լրացուցիչ 2 ամիս կալանքը: Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ: Ծիծաղելի չէ՞ այս ամենը: Մենք իրարից 2 ամիս ենք գողանում, հրճվում ենք դրանով, միգուցե կա՞ն մարդիկ, որ իսկապես հրճվում են: Ոչինչ է դա ինձ համար:
Իմ կեցվածքը երեխաներ կորցրած ընտանիքների առջև բոլորովին այլ է, դատարանի առջև՝ բոլորովին այլ: Ես դատարանում ունեմ բոլոր հարցերի պատասխանները: Բայց մինչև դատարանին հասնելը, շատ կուզեի լիներ ուրիշ հանդիպում, ուրիշ հարց ու պատասխան, ավելի շատ վշտի կիսում ընտանիքների հետ: Աստվածաշնչյան խոսքերը հիշեցի. «Ողորմություն եմ ուզում, ոչ թե զոհ»: Իսկ մենք գնում ենք դեպի նոր զոհեր:
Տեղի է ունեցել ողբերգություն, և այդ ճակատագրական պահին ես եմ եղել այդ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը: Բայց հանգամանքների բերումով եղել եմ ես: Ինձ բաժին է ընկել ցավ, մի տառապանք, որ կրելու եմ մինչև կյանքիս վերջ: Եվ ես դա ընդունել եմ: Զրկանքները մարդու համար են: Աստված զրկանքներ է տալիս մարդուն այն չափով, որ չափով նա կարող է տանել դրանք, ո՛չ ավելի: Ես չեմ հրաժարվում զրկանքի ինձ հասանելիք չափից:
-Խոսեցիք հապճեպությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպիսի հապճեպություն դրսևորվեց: Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ցույց տալու խնդիր կա՞ր, թե՞…
-Երևի ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցելու միտում կար, որը ես չեմ հասկանում: Կատարողներն էլ մի տեսակ անհարմար զգալով են անում, մի տեսակ, կարծես, ամաչելով: Դատաիրավական համակարգն իսկապես կարիք ունի բարեփոխումների: Եթե ամեն ինչ օրենքով պիտի արվի, թող ինձնից սկսվի, ինչո՞ւ ոչ:
Կալանքի երկարացման համար կուզեի, որ մարդիկ շատ չանհանգստանան: Ես այստեղ լավ եմ զգում. շրջապատված եմ բախտակից եղբայրներով, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը, իր ողբերգությունը, ինչպես նաև բժշկական հսկողության տակ եմ:
-Ստեղծագործում եք՞ դատապարտյալների հիվանդանոցում:
-Դեռևս ապրում եմ կալանավորի կյանքով: Շփվում եմ մարդկանց հետ: Ինձ համար շատ կարևոր բաներ եմ պարզում: Կան բաներ, որոնց մասին երբեք կարդալով կամ լսելով չես իմանա, կիմանաս միայն ապրելով: Ինչքան խեղված ճակատագրեր կան իմ շուրջը այստեղ, ինչքան տխուր պատմություններ: Իմ կալանավոր եղբայրներն ասում են. «Սա քո տեղը չէ»: Ասում եմ՝ ինչու եք այդպես մտածում, փորձանքը կարող է բոլորի գլխին գալ: Ոչ մեկը թող իրեն ապահովագրված չզգա: Մենք մտածում ենք, որ մեզ պահապանում են հրեշտակները, և մեզ ոչինչ չի պատահի: Փորձանքը ուրիշի համար է: Բայց նա ամեն տեղ կարող է դարան մտած սպասում է մեզ և կարող է մի վայրկյանում ցատկել քո գիրկը: Հանրաճանաչ մարդու համար երևի սա անհրաժեշտ փորձություն է, նրան նվաստացումներն էլ անհրաժեշտ են, որ միշտ խոնարհ մնա հոգին: Սա էլ անհրաժեշտ է ստեղծագործելու համար, որովհետև երբ հոգիդ խոնարհ է, դա կարող է մեծ ներշնչումների պատճառ դառնալ:
Դեռևս չեմ գրում, հավաքում եմ մտքերս: Ասելիքս շատ է: Եվ հենց այս պահին, երբ կան մեծ բախումներ, մեծ ապրումներ, ինչ խոսք, նաև կան շատ մեծ ներշնչումներ: Մարդիկ մտավախություն էին ապրում, որ կորցրեցին Վարդան Պետրոսյանին, բեմի Վարդանին: Բայց, մ՛ի վախեցեք, ես հետ պիտի վերադառնամ ու պիտի բարձրանամ բեմ: Անպայմա՛ն: Ես խոսք ունեմ ասելու: Եվ իմ խոսքը կլինի շատ ավելի իմաստուն, շատ ավելի կտրուկ, կյանք տեսած, խոհեմ, խելոք, խորը:
-Վարդան, Ամանորը դիմավորելու եք դատապարտյալների հիվանդանոցում…
-Ես իմ կալանավոր եղբայրների հետ միասին պիտի անցկացնեմ Նոր տարին: Այստեղ էլ մարդիկ ունեն իրենց երազանքները: Գիտե՞ք, որն է իրենց առաջին նվիրական երազանքը: Կմտածեք՝ ազատությունը: Ո՛չ, առաջին հերթին, դրսում գտնվող իրենց ծնողների ու երեխաների առողջությունն է ու երջանկությունը: Նոր հետո՝ իրենց ազատությունը: Այդպիսին են կալանավորները:
Հետո գալու է Սուրբ ծնունդը, նույնչափ սիրելի տոն ինձ համար: Շատ կուզեմ, որ Քրիստոսի ծննդյան հետ ամեն մարդ վերածնվի որպես հոգևոր մարդ: Ժամանակակից աշխարհում, կարծես, ամեն ինչ անում են հոգևորը սպանելու համար: Բայց այդ հոգևորը կենդանի է, քանի կա հոգու լույսը, ինչ պայմաններում էլ լինի մարդը, թեկուզ կալանավայրում: Զրկանքները տրված են մարդ մնալու համար: Զրկանքներն են մարդուն մարդ պահում: Երբ կա այդ գիտակցումը, ոչ մի ցավ նրան չի տապալի, ընդհակառակը կդարձնի ավելի ուժեղ, ավելի դիմացկուն, ավելի լուսավոր:
Ավանդույթի համաձայն, հունվարի 1-ին մենք գնում ենք այն մարդկանց տուն, ովքեր հարազատ են կորցրել: Այդ առումով ծանր տարի էր, ես շատ մտերիմներ, հարազատներ, գործընկերներ եմ կորցրել: Բայց ինձ համար ամենածանր կորուստը երկու պատանիներն են, որ մահացան: Եվ ես շատ կուզեի հունվարի 1-ին լինել առաջին մարդը, ով կթակեր այդ մարդկանց տան դուռը ցավակցելու համար: Բայց այդ դռները փակ են իմ առաջ, ես էլ կալանատանն եմ: Սակայն մտովի կգնամ այդ մարդկանց մոտ: Կցավակցեմ երկու ընտանիքներին, անտեսանելի մի պահ կնստեմ անկյունում, հետո կայցելեմ իմ ազգականներին ու կվերադառնամ կալանավայր:
Նոր տարին թող բերի, առաջին հերթին, խաղաղություն հատկապես Հակոբյանների ընտանիքներին, 2 պատանիների հոգիներին՝ խաղաղություն, առողջություն՝ փոքր աղջկան, մխիթարություն՝ մայրերին, համբերություն՝ հայրերին: Կալանավոր եղբայրներիս էլ համբերություն: Նրանց հարազատներին, որ սրտատրոփ սպասում են իրենց սիրելիների ազատությանը: Իմ հարազատներին, որ այդքան իմ պատճառով տառապում են, նորից համբերություն: Իսկ իմ սիրելի հանդիսատեսին, որին այդքան սիրում եմ ու առանց որի գոյություն չունեմ, ես խոստանում եմ նորից բեմ բարձրանալ:
Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկետը՝ նորից ամաչելով: Կուզեի լինել դատարանում, որովհետև այնտեղ էլ ահագին նյութ կա ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ և այլն: Ես իրենց արդեն ասել եմ՝ մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը: