ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այցելեցին Տավուշի մարզի, ՀՀ Զինված ուժերի հյուսիս- արևելյան սահմանագոտու N զորամասեր: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության մամուլի ծառայություններից:
Հանդիպելով սպայական կազմի և զինվորների հետ' նախարարները շրջեցին զորամասերում, ծանոթացան նրանց կեցության պայմաններին, զրուցեցին հայրենիքի սահմանների պաշտպանների հետ: Օրն իսկական տոնի վերածվեց հինգ զինվորների համար, ովքեր իրենց զինվորական գրքույկները ստացան նախարարների և մարզպետի կողմից:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով բոլոր զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ընդգծեց օրվա կարևորությունը և զինվորի մեծ դերը հայրենիքի պաշտպանության գործում:
«Ինձ համար այսօր մեծ պատիվ է ձեր առջև կանգնել, քանզի դուք մեր հայրենիքի, մեր սահմանների, մեր հաղթանակած բանակի զինվորներն եք: Շնորհավորում եմ ձեր Ամանորը և մաղթում ամենակարևորը' առողջ եղեք»,- ողջույնի իր խոսքում ասաց նախարարը:
Միանալով շնորհավորանքներին' ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կարևորեց նախաձեռնությունը և խոստացավ, որ այս այցերը շարունակական են լինելու:
Շնորհավորանքներին միացան նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և զորամասերի հրամանատարական կազմը: