Ամանորին ձեզ եւ ձեր երեխաներին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցելությամբ ուրախացնելու համար պետք է մտածել դեռ դեկտեմբերի սկզբին: NEWS.am-ի հարցումները նման ծառայություններ առաջարկող ընկերությունների շրջանում ցույց են տալիս, որ եթե Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցելությունների համար չդիմես դեկտեմբերի սկզբից մինչեւ ամսվա կեսը, ապա Ամանորին ընդառաջ ստիպված կլինես վճարել աստղաբաշխական գումարներ:
Այսպես, «Բեյբի բում» «Գոգարտ ստուդիո» ընկերությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենց Ձմեռ պապերը եւ Ձյունանուշները (երեխաների ականջից հեռու-հեղ) Թատերական ինստիտուտի ուսանողներն են, ունեն 24 զույգ: Այստեղի Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցելությունը տեւում է 30 րոպե, նրանք հատուկ սցենար ունեն, ներս են մտնում երաժշտության ներքո եւ այնուհետեւ լինում է փոքրիկ ամանորյա բեմականացում: Ձմեռ պապիկների եւ Ձյունանուշների աշխատանքն այստեղ սկսվել է դեկտեմբերի 23-ից եւ տեւում է մինչեւ հունվարի 13-ը, ըստ որում՝ Ամանորի գլխավոր հերոսներին հրավիրում են ոչ միայն երեխաների համար, այլեւ «մեծ երեխաների» համար: Օրինակ, նախորդ տարի այստեղից Ձմեռ պապ էր կանչել 25-ամյա մի աղջիկ, մի անգամ էլ ապրիլի 1-ին են Ձմեռ պապ եւ Ձյունանուշ հրավիրել հումորային նկրտումներով:
«Լինում է, զանգում են, ասում են՝ կարող եք 5 հատ ձյունանուշ ուղարկել, մենք էլ ասում ենք, որ սխալ եք զանգել, մերը մանկական ծառայություններ են»,- պատմեց աշխատակիցը:«Բեյբի բումում» Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայությունները սովորական օրերին արժե 15-20 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23.00-ից հետո՝ մինչեւ 35-40 հազար դրամ: Պատճառները տարբեր են, նախ այդ ժամանակ մեքենաները կրկնակի գին են ուզում, եւ հետո «Ամանորի օրով մարդկանց հանում ես իրենց տներից»: Գնի մեջ չեն մտնում նվերները, դրանք ծնողներն են առանձին գնում եւ տալիս, քանի որ, աշխատակցի խոսքով, «ով հնարավորություն ունի Ձմեռ պապ պատվիրելու, հնարավորություն ունի նաեւ նվեր գնելու»:
Ձմեռ պապ եւ Ձյունանուշ կարելի է պատվիրել նաեւ «Սմայլ» տոնական պարագաների խանութից: Այստեղ եւս Ամանորի հերոսները Թատերական ինստիտուտի ուսանողներն են, որոնց աշխատանքը սկսվում է դեկտեմբերի 20-ից եւ տեւում մինչեւ հունվարի 13-ը, բայց նրանց կանչելու համար ցանկալի է գրանցվել դեկտեմբերի սկզբից: Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայությունները սկսվում են 20 հազար դրամից՝ կախված այցելության ժամից, տեւեողությունից: Այստեղից Ձմեռ պապ եւ Ձյունանուշ պատվիրելու դեպքում նրանք ձեր տանը կմնան նվազագույնը կես ժամ, նվերների համար պետք է հոգան ծնողները: Աշխատակիցը հայտնեց, որ դեռեւս դեպք չի եղել, որ զանգեն եւ միայն Ձյունանուշ խնդրեն, բայց միայնակ Ձմեռ պապիկներ խնդրում են, այդ ժամանակ իրենք Սանտա Կլաուս են ուղարկում: Փաստորեն, Ձմեռ պապիկները չեն դիտվում որպես բռնության օբյեկտ:
«Շոկոլադ սերվիս» միջոցառումների կազմակերպման ընկերությունից Ձմեռ պապեր, Ձյունանուշներ ուղարկում են ոչ միայն մանուկներին ուրախացնելու նպատակով, այլեւ զանազան կորպորատիվ միջոցառումներին մասնակցելու համար: Ամանորյա հերոսների «ամենատարեց» երկրպագուները, աշխատակցիների խոսքով, ուսուցիչների, դասախոսների կոլեկտիվներն են: Այստեղի Ձմեռ պապիկների աշխատանքը սկսվում է անգամ դեկտեմբերի սկզբից, կան անձինք, որոնց մոտ Ամանորը շուտ է գալիս: Ծառայությունները սկսվում են 15 հազար դրամից, բայց իհարկե, դեկտեմբերի 31-ին այլ գին է լինում՝ կախված «կանչի» ժամից, տեւողությունից, թեեւ սովորաբար Ձմեռ պապերը եւ Ձյունանուշները ուրախացնում են 15 րոպե:
Ամանորի «պիկ» օրերին այս ծառայության գինը կարող է շատ բարձրանալ, անգամ հասնել մինչեւ 250 հազար դրամի: Աշխատակիցը պատմեց, որ մի անգամ տղամարդկային կոլեկտիվից զանգել եւ միայն Ձյունանուշ էին խնդրել, բայց իրենք չեն ուղարկել, քանի որ վտանգավոր է, իսկ Ձմեռ պապիկների ընկերակցությամբ նրանք վստահելի ձեռքերում են: «Դեպք է եղել, երբ մեր աստղերից մեկի տուն գնալուց հետո Ձմեռ պապը բավական ճնշված էր, որովհետեւ հյուրերը բռնություն էին ենթարկել նրան իրենց հումորներով, ծաղրանքներով, ոչ մեկ սթափ վիճակում չէր գտնվում»,- հայտնեցին ընկերությունից:
«Երազանք» մանկական շոու-ծրագրերի կազմակերպման ընկերությունում սովորական օրերին Ձմեռ պապի, Ձյունանուշների ծառայություններն արժե 20 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23.00-ից հետո՝ 45 հազար դրամ: Այստեղի Ամանորյա հերոսների աշխատանքը սկսվում է դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 13-ը, այցի տեւեողությունը 25 րոպե է, այդ ընթացքում նրանք Ամանորյա շոու ծրագիր են ներկայացնում: «Մեր ձմեռ պապիկները նման չեն մյուսներին, միայն կարմիր խալա չեն հագնում եւ փայտ վերցնում ձեռքներին, ամբողջությամբ Ձմեռ պապի են, կոշիկներով, մազերով, մորուքով, աշխատում են միայն դերասաններ, գինն էլ, համեմատած մյուսների, էժան է»,- հայտնեց աշխատակիցը: