NEWS.am-ի հետ զրույցում ԵրեւանիԿոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է թատրոնի 2013թ. գործունեության եւ հետագա ծրագրերի մասին:
Ի՞նչ ներկայացումներ են բեմադրվել նախորդ տարում, ի՞նչ հաջողություններ է ունեցել թատրոնը:
Նախորդ տարի մենք շատ հետաքրքիր ներկայացում ենք բեմադրել՝ «Հրավիրված բանկետը»՝ Նիլ Սայմոնի համանուն պիեսի հիման վրա: Այն բեմադրել էր երիտասարդ դերասան եւ ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանը, ով, դժբախտաբար զոհվեց ավտովթարից: Ներկայացումն առայսօր բեմադրվում է: Երվանդի մեջ հոգեբանության նկատմամբ մեծ զգայունություն կար: Այն, ինչը նա ձգտում էր, բայց չէր կարողացել մատուցել նախորդ երկու ներկայացումներում, այս մեկում կարողացավ անել շատ համոզիչ եւ հետաքրքիր: Եվս մեկ անգամ շատ ափսոս, որ նա մեզ հետ չէ:
Վերջերս մեր բեմադրած ներկայացումներից էր Ալեքսանդր Օստրովսկու «Մարդաշատ վայրում» պիեսը, սակայն մենք խմբագրել ենք այն՝ ներկայացնելով «Ամենը վաճառքի» խորագրով բեմադրությամբ:
Թատրոնը երիտասարդ կադրերով համալրման խնդիր ունի՞:
Ես շատ ուրախ եմ, որ «Ամենը վաճառքի» ներկայացման մեջ, բացի մեր հիմնական դերասաններից, որոնք են Ֆրեդ Դավթյանը, Նիկա Սարոյանը, Էրվինը, ներգրավվել են շատ հետաքրքիր երիտասարդ դերասաններ, օրինակ՝ Արման Մեջլումյանը, որը նոր-նոր է ավարտել ինստիտուտը, եւ Նորա Գրիգորյանը, ով դեռ ուսանող է: Նա Մոսկվայի, ինչպես նաեւ մեր քննադատների կարծիքով, հիանալի է խաղում հերոսուհու դերն այդ ներկայացման մեջ:
Մի խոսքով, թատրոնը, ինչպես ասում են, ապրում, շնչում է: Այն ձգտում է հավատարիմ մնալ ռուսական ազգային թատրոնի ավանդույթներին. դա առաջին հերթին բարձր ճշմարտությունն է, հոգեբանական հավաստիությունը, վառ արտահայտչաձեւը:
Մեր գործունեության գնահատականն իր խոսքում տվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
Մեզ համար հաճելի էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից լսել, որ ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների տարածքում ռուսական լավագույն թատրոններից մեկը մեր թատրոնն է: Դա բոլորն են խոստովանում՝ Մոսկվայում, Լենինգրադում, եւ մեզ մոտ՝ Հայաստանում:
Մենք վերջերս Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում ռուսական մայրաքաղաքում էինք, եւ մոսկովյան թատերական հանրության, քննադատների եւ ռեժիսորների բարձր գնահատականին արժանացանք:
2014թ. ի՞նչ ներկայացումներով կուրախացնի թատրոնն իր հանդիսատեսին:
2014թ. մենք մտադիր ենք բեմադրել Յուրի Պոլյակովի «Ինչպես Աստվածները» պիեսը, այդ ներկայացումը ես եմ բեմադրելու:
Թատրոնի խաղացանկում նախատեսված է «Հրաշալի կոշկակարուհին», որն իսպանացի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի պիեսն է: Այդ պիեսը բեմադրելու է հրավիրված ռեժիսոր Գոհար Տրդատյանը, իսկ ներկայացումը հովանավորում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Քանի որ մենք աշխատում ենք երկու երկրների համար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի, ապա ներկայացնում ենք նաեւ հայկական ստեղծագործություններ, մասնավորապես՝ Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»: Այն Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրամատիկ, ավելի շուտ՝ ողբերգական պատմության մասին է: