Հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրենը նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ է տրամադրել Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտին, ով հասկանալի պատճառներով քոլեջի դասերին ընդհանրապես չի մասնակցել:

 

Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո»-ին, քոլեջի տնօրենը աշակերտների ցանկում ընդգրկել է Խ.Դաշտենցի անվան դպրոցի աշակերտին, առանց նրա' դասերի մասնակցության՝ կազմել, ձևակերպել և 2013թ. տվել է Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ, ինչպես նաև պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու երաշխավորագիր:

 

Արդյունքում աշակերտը հնարավորություն է ստացել, ըստ գործող կարգի, առանց ընդունելության քննություններ հանձնելու դիմել և ընդունվել նշված համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրս։

 

Նախաքննական մարմինը քոլեջի տնօրենին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով' պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

 

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան: