Հայաստանում կստեղծվի սպառողների իրավունքների պաշտպանության նոր կազմակերպություն՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնել է նոր կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը, կառույցն արդեն գրանցված է: «Մենք պատրաստվում ենք սպառողներին տրամադրել իրավական աջակցություն, որի կարիքը հաճախ է զգացվում: Մշտապես ի հայտ են գալիս նոր ապրանքներ ու ծառայություններ, փոխվում են չափանիշներն ու տեխնիկական կանոնակարգերը, երբեմն էապես: Այդ ամենը սպառողը չի կարող հիշել, նշանակում է, կաճի հասարակական կազմակերպությունների դերը եւ պահանջարկը դրանց հանդեպ»,- պարզաբանել է Չիլինգարյանը:

 

«Պարենային եւ ոչ պարենային ապրանքներ, տրանսպորտ, ծառայությունները՝ հարցեր ծագում են բոլոր բնագավառներում: Յուրաքանչյուրում առկա են բազում խնդիրներ»,- հավելել է նա: