Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգեւատրվել է 650000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ համալսարանի աշխատակիցներից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասաց պոլիտեխնիկցիներից մեկը:

 

 

rektor

 

Մյուսների պատմելով, դեռեւս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում' նույնիսկ տնտեսումներ ունեն: Չնայած սրան՝ նաեւ նշել էր, որ չի պատրաստվում պարգեւատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որեւէ գնահատանքի չի արժանացել: Ի դեպ, ռեկտոր Ավետիսյանը կո­լեկտիվին հավելավճար տրամադրելու հենց մերժման օրը՝ դեկտեմբերի 27­ին է ար­ձակել մի հրաման, համաձայն որի՝ ինքն իրեն անալիտիկ քիմիայի բնագավառում կես ամսից քիչ ժամանակահատվածում կատարած աշխատանքի դիմաց հատկացնում է վճա­րում 650 000 դրամի չափով, ինչը հարուցել է պոլիտեխնիկցիների տարակուսանքը: Ռեկտորի հավելյալ աշխատավարձի մասին վերջիններս տեղեկացել են դեկտեմբերի 30-ին՝ ստանալով ռեկտորի համապատասխան հրամանի պատճեն՝ իրենց էլեկտրոնային հասցեների վրա:

 

Аravot.am-ը կապվեց նաեւ Պոլիտեխնիկի ռեկտոր պարոն Ավետիսյանի հետ: Նա պարզաբանեց, որ կան միջազգային գրանտային ծրագրեր, եւ երբ տարին ամփոփվում է, աշխատանքային խմբի անդամներին ըստ աշխատանքի ՝ վճարում են Ռեկտորը կարծիք հայտնեց, թե իր հասցեին ուղղված դժգոհությունները ոչ թե ողջ կոլեկտիվից են, այլ մի քանի հոգուց, որոնք նրա ձեւակերպմամբ, բանսարկությամբ են զբաղված: «Պոլիտեխնիկը հիմա շատ ունի այդպիսի գրանտային ծրագրեր, եւ յուրաքանչյուր ծրագրի տարեկան ամփոփումից հետո աշխատանքային խմբերը ստանում են գումար՝ ըստ աշխատանքի: Հենց հիմա համալսարանի ներքին ցանցով հրավերք է ուղարկված եւս յոթ ծրագրերի աշխատանքային խմբերում ընդգրկվելու համար:

 

Առայժմ ստացել ենք չորս արձագանք»,-ասաց նա: Մեր հետաքրքրությանը, թե վերջին ծրագիրը քիմիայի ոլորտին էր վերաբերվում, մի՞թե ինքը քիմիայի մասնագետ է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում խոսքը գնում է մի միջազգային դրամաշնորհային ծրագրի մասին, որին մասնակցում է քիմիայի ֆակուլտետը: Երբ հաղթում ենք ծրագիրը, ձեւավորվում է աշխատանքային խումբ, որտեղ կա ե՛ւ վարչական վարույթ, եւ ուսումնագիտական, ե՛ւ տեխնիկական՝ տվյալ դեպքում: Այդտեղ ընդգրկված էին ե՛ւ ռեկտորը եւ պրոռեկտորը եւ ամբիոնի աշխատողներ:

 

Իսկ այն, որ ասում են, թե տասը օրվա համար է այդքան գումար ստանալը, մեղմ ասած չիմացություն է, դա ամբողջ տարվա աշխատանքային ծրագրի ավարտի արդյունք է: Եվ մի բան էլ, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե՞ ինչպե՞ս է հաշվապահական վարույթի հրամանը դուրս եկել ու տարածվել, հաշվապահական վարույթի հրամանները հրապարակելը. մեղմ ասած, լավ բան չէ»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ