ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել է արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետ կապված աշխատանքների և ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա' պետական աջակցության ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր:
Նույն որոշման երկրորդ կետով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ): Որոշմամբ սահմանվում է, որ Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենքի շինարարության ավարտից հետո' նախքան շենքի գրանցումը, նշված անշարժ գույքի պահպանությունն իրականացվելու է ՁԻՀ-ի կողմից, իսկ Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված մոտ 70 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը օգտագործելու նպատակով նվիրվել է ՁԻՀ-ին:
2012թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով 2014թ. հունվարի 1-ից վերացվում է նվազագույն շահութահարկի համակարգը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով որոշակի գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված էին նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի նվազեցման արտոնություններ: