Ամառվա վերջից ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող պուրակում բնակվող 4 հոգանոց ընտանիքը շարունակում է մնալ փողոցում՝ Ամանորը և Սուրբ Ծնունդը ևս անցկացնելով այնտեղ:
Մկրտչյանների ընտանիքը հարցազրույց չի տալիս, չի պատասխանում որևէ հարցի:
Փոխարենը Tert.am-ը փորձեց ընտանիքի ճակատագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան դեսպանատան լրատվական բաժնից հայտնեցին, որ Մկրտչյան ընտանիքի 4 անդամներն ապաստան հայցելու նպատակով 2007 թ. սեպտեմբերի 15-ին անօրինական կերպով մեկնել են Ֆրանսիա, որտեղ դատարանը 3 տարի առաջ մերժել է Մկրտչյանների ընտանիքի՝ ապաստան խնդրելու հայցը: Այդ պատճառով նրանց Հայաստան վերադառնալու նպատակով տրամադրվել է 5 500 եվրոյի օգնություն: Ընտանիքն իր կամքով վերադարձել է Հայաստան 2010թ մարտի 8-ին: Պարոն Մկրտչյանը տեղեկացվել է, որ այսուհետ չի կարող ապաստան խնդրելու նոր հայց ներկայացնել:
«Ինչպես իրենց կամքով վերադարձած բոլոր միգրանտների պարագայում, այս ընտանիքի դեպքում էլ Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի կողմից 2010թ.-ից տարվել է վերաինտեգրման գործընթաց: Այդուհանդերձ, պարոն Աշոտ Մկրտչյանը չի ցանկացել ներգրավվել աշխատանքային գործունեության մեջ: Դեսպանությունը նաև տեղեկացրել է, որ 5 500 եվրոյի ֆինանսական օգնությունը հնարավոր չէ վերահատկացնել»,-նշված է դեսպանատան պատասխանում:
Հավելվում է, որ հաշվի առնելով Մկրտչյանների ընտանիքի սուղ միջոցները, դեսպանությունը դիմել է Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամի օգնությանը՝ կրկին տանելու վերաինտեգրման գործընթաց, ինչպեց նաև՝ SPFA կազմակերպությանը՝ ընտանիքին ժամանակավոր կացարան տրամադրելու նպատակով, սակայն ընտանիքի հայրը՝ Աշոտ Մկրտչյանն, այս առաջարկություններին պատասխան չի տվել: