Երաժիշտ Արթուր Լոռեցյանը, ում երեխայի' Սամուելի կյանքը հունվարի 1-ին հրաշքով է հաջողվել փրկել, հանդիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ ցանկանալով բարձրացնել բժիշկների անգործության հարցը, որը, նրա խոսքով, երեխայի մահվան պատճառ կարող էր դառնալ։ Այս մասին Լոռեցյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ պաշտոնյաները պարտավոր են պարզաբանել բժիշկների նման վարվելակերպը։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2013-ի դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ 2 տարեկան 4 ամսական երեխայի ջերմությունը կտրուկ բարձրացել է։ Ժամը 22․00-ի սահմաններում կանչի վայր ժամանած շտապ օգնության բժիշկն արձանագրել է, որ երեխայի ջերմությունը 39-ն է, ապա հարցրել, թե ինչ դեղամիջոցներով են խնամում երեխային։

 

«Հետո սկսեց մուննաթ գալ, թե 39 աստիճան ջերմության դեպքում ինչո՞ւ ենք «Նուրոֆեն» խմացրել կամ ջերմիջեցնող մոմիկներ տվել, ապա սկսեց խորհուրդներ տալ, թե՝ «թողեք, թող օրգանիզմը պայքարի, քացախով շփեք»։ Հետո խնդրեցի, որ թոքերը ստուգեր, բայց թե բժիշկը էն դեմքով էր՝ թե «ինչի՞ եք դուք Նոր տարի անում, իսկ ես չէ»։ Անհավես բժիշկը դեղեր նշանակեց, դրանք գնեցի, թեև մեր ունեցած դեղերն ու նոր գնվածները նույն ֆունկցիաներն ունեին», – պատմել է Լոռեցյանը։
Կեսգիշերին՝ ժամը 1։30-ի սահմաններում, երեխայի վիճակը կտրուկ վատացել է և բարձր ջերմությունից նրա մոտ ցնցումներ են սկսվել։

 

«Մարմինը ցնցվում էր, մաշկի գույնը կանաչել էր, աչքերը կուլ էին գնացել։ Կինս, հայրս, եղբայրս խառնված միաժամանակ տարբեր հեռախոսներով շտապ օգնություն էինք զանգահարում, բայց 20-30 զանգից հետո հասկացանք, որ անտեղի ժամանակ ենք կորցնում՝ մեր ոչ մի զանգին պատասխանող չկար։ Ընդունենք, որ բոլոր բրիգադները զբաղված են, ժամը հարմար չէ և այլն, և այլն, բայց կարելի է գոնե պատասխանել զանգերին ու ասել, որ մոտենալ չեն կարող՝ այդ դեպքում մարդիկ իրենց գլխի ճարը կտեսնեն, այլ ոչ թե անիմաստ ժամանակ կկորցնեն, որը վայրկյանների ընթացքում կարող է ճակատագրական ավարտ ունենալ», – ասել է Լոռեցյանը։
Վերջինս, տեսնելով, որ հնարավոր չէ շտապ օգնություն զանգահարել, որոշել է երեխային տեղափոխել մոտակա հիվանդանոց։

 

«Թե քանի խախտում եմ արել հիվանդանոց հասնելու ճանապարհին ու քանի անգամ եմ տեսախցիկներով նկարվել մինչև Պլանի գլխի թիվ 1 հիվանդանոց հասնելը, հետո կերևա, բայց որ Նոր տարվա էդ պիկ ժամին տեղ հասանք ու բժշկին տեսա՝ էնպիսի հանգստություն զգացի, ինձ թվաց, թե դիմացս Աստված էր կանգնած։ Ընդունարանում մեզ հարցուփորձ անող բժիշկը անգամ չմոտեցավ, չնայեց երեխուն ու ասաց՝ «տարեք, մենք չենք ընդունում, ինքը մեր հիվանդը չէ, ոչ մի բան չենք կարա անենք»։

 

Անակնկալի եկա, թե ինչ է նշանակում՝ «մեր հիվանդը չէ» արտահայտությունը, կյանքի ու մահվան հարց է դրված, իսկ բժիշկը, փոխանակ առաջին օգնություն ցուցաբերելու, մեզ դուրս է հրավիրում և ուղարկում Ծերեթելիի մանկական հիվանդանոց։ Ժամանակ չունեի ոչ հարցեր տալու, ոչ էլ վիճելու․ առանց մի վայրկյան մտածելու հասցրինք «Արաբկիր» բուժկենտրոն, որտեղ երեխայի ջերմությունը հասել էր 40․6-ի։ Մոտ 40 րոպե պահանջվեց բժիշկներից, մինչև երեխուն հետ բերեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց», – պատմել է Լոռեցյանը։

 

Մեր զրուցակիցը նշել է, որ նախկինում ևս բազմաթիվ անգամներ ականատես է եղել բժիշկների անտարբերությանն ու անգործությանը, սակայն որևէ անգամ չի բարձրաձայնել այդ մասին։
«Երբ Հանրապետական հիվանդանոցում մահացավ առաջին երեխաս, մոտեցա բժշկին ու խնդրեցի, որ տեսնեմ փոքրիկիս, բժիշկը սկզբում հրաժարվեց, իսկ երբ պնդեցի, գնաց ու «Սաս» սուպերմարկետի տոպրակով երեխու մարմինը բերեց ու տվեց ձեռքս։ Հիպոկրատի երդումը ուրացած բժիշկների կողմից ավելի վատ վերաբերմունքի արժանացավ մայրս, ով մահացավ փոքրիկիս մահից 1 շաբաթ անց։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են բժիշկների անտարբերությունից, և կոչ անում բարձրաձայնել եղածի մասին։ Դիմում եմ կառավարությանը, երկրի նախագահին ու բոլոր պատկան մարմիններին ու պահանջում ամենախիստ ձևով պատժել բոլոր նրանց, ովքեր հանդգնում են նման կերպ վարվել մարդկային կյանքերի հետ։ Եթե արձագանքը ուշանա, խոստանում եմ, որ իմ հարազատների, ընկերների ու մտերիմների հետ բողոքի ակցիաներ ենք նախաձեռնելու», – եզրափակել է Լոռեցյանը։

 

Epress.am-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար զանգահարել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, սակայն գլխավոր բժշկի ընդունարանից պատասախանել են, որ նման խնդիրներով զբաղվում է հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կատարվածին տեղեկանալուց հետո մամուլի բաժնի պատասխանատուն նշել է, որ պարզաբանում կտա ավելի ուշ, իսկ քիչ անց զանգահարել է և խնդրել իրեն փոխանցել Լոռեցյանի հեռախոսահամարը։ Նա նշել է, որ ծնողի հետ զրուցելուց հետո միայն կպատասխանի մեր հարցերին։