Հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Գուգարքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, մատուռի մոտ, ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, ճամփեզրից դուրս, հայտնաբերել էր «Պեժո» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստելատեղին' 1977 թ. ծնված Մհեր Գրիգորյանի դիակը' կրծքավանդակի աջ մասի առաջնային մակերեսի և ձախ ազդրի շրջանի կտրած-ծակած վնասվածքներով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 09-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Լոռու մարզի քննչական, ոստիկանության Գուգարքի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մ. Գրիգորյանին վերջինիս պատկանող ավտոմեքենայի մեջ դանակով հարվածել և սպանել է 1977 թ. ծնված Արամ Ս.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Արամ Ս.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: