Կառավարության առաջիկա նիստի օրակարգում բավական ուշագրավ մի նախագիծ է ներառվել, որով նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 36 191 681 դրամ' «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին վճարելու համար: Բանն այն է, որ, ինչպես պարզ է դառնում նախագծից, այս պարտքը կուտակվել է միայն 2013 թվականի 3-րդ եռամսյակում: Եվ այս գումարն ընկերությանը վճարվում է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց: Իսկ առավել հետաքրքրականն այն է, որ, ինչպես պարզ է դառնում նույն նախագծից, խոսքը Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում' սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների մասին է:
Գաղտնիք չէ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսասկան երկաթուղիներ» ՓԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է, որը 2008թ. ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով փոխանցվեց ռուսական կողմին : Այսինքն, ՀՀ-ն իր միջոցներից վճարում է ռուսական կազմակերպությանը ՌԴ զինված ուժերի ու նրանց բեռների փոխադրման համար: Ի դեպ, հետաքրքրական է, որ նշված ծառայությունների դիմաց վճարման այս կարգը գործում է դեռևս 2004 թվականից, երբ, փաստորեն, երկաթուղին դեռ ռուսական չէր, և դրանից հետո չի վերանայվել ու շարունակում է գործել մինչ օրս: Ինչի համար էլ մենք' ՀՀ շարքային հարկատուներս, մեր սուղ միջոցներից տարվա միայն 1 եռամսյակում շուրջ 36 մլն. դրամ ենք վճարում ռուսական մասնավոր ընկերությանը՝ ռուսական զինուժին մատուցած իր ծառայությունների դիմաց :
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան