Երեկ, հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, վերլուծելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա վեճը, մի շարք մեկնաբանություններ է հնչեցրել: Նա ասել է, որ երկրի ճգնաժամային վիճակը չի կարող այսպես շարունակվել, որ իշխանությունները անխիղճ ձևով թալանել են երկիրը, մինչդեռ ներկայիս նախագահին հանձնել էին լրիվ այլ չափանիշների տնտեսություն, և որ արդարացված են Ռոբերտ Քոչարյանի թե' հարցազրույցը, թե' հնարավոր վերադարձը:
Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ նայել է հարցազրույցը, բայց ավելի շատ ոչ թե Գառնիկ Իսագուլյանին է նայել, այլ' Պետրոսին, որովհետև, «որ Պետրոսը լռի ու թողնի, որ դիմացինը խոսի՞... Դա նոր բան է, հետևաբար' կարելի է եզրակացնել, որ այդ հարցազրույցը ուղղվածություն ունեցող հարցազրույց էր»: «Իհարկե, ես Իսագուլյանի հետ մոտ եմ, բայց հարվածները կարող են սպառնալ և' ներսից, և' դրսից: Ես այն անձն եմ, որ երբեք չեմ սիրել, երբ մարդը մի դեպքում մի տրամաբանությամբ է, մյուս դեպքում' լրիվ այլ տրամաբանությամբ. իբրև թե այն ժամանակ չի կարողացել խոսել, այսօր փորձում է խոսել»,- ասաց նա
Պատգամավորի կարծիքով' Գառնիկ Իսագուլյանը փորձել է թարգմանել Ռոբերտ Քոչարյանին, ինչն ավելի է ցածրացրել է իր դիրքերը: «Պետք չէ թարգմանել Ռոբերտ Քոչարյանի խոսքը' այն դարձնելով անկապ, փթով խոսացող մարդու խոսք, ինչը աններելի է: Գառնիկի ուժերը էդքան չեն հերիքի, որ ապագայում էլ փորձի խոսափողի դեր կատարել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանի կարծիքով' այն, ինչ հնարավոր էր անել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, արվել է, սակայն այն, ինչ հնարավոր չի եղել անել, վերագրում են ներկայիս իշխանություններին' իբրև սխալ:
Ինչ վերաբերում է Գառնիկ Իսագուլյանի այն մեղադրանքին, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ նախարարները իրավունք չունեին վարել ցոփ ու շվայտ կյանք, այնինչ' հիմա մի շարք նախարարներ և մի շարք ընտանիքներ ծախսում են միլիոնավոր գումարներ' ճոխ ապրելակերպի վրա, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ այդպես որ լինի, պաշտոնյաները պետք է շրջեն մեկ շորով կամ մեկ կոշիկով: «Չի կարելի մարդկանց գրպանները մտնել և մեղադրել նրանց նրա համար, որ լավ են ապրում: Պետք է լրիվ հակառակը մտածենք, պիտի այնպես անենք, որ բոլորը լավ ապրեն: Այս սկզբունքով պետք է շարժվել»,- ասաց նա: