Համակարգչամոլությունը ընտանեկան ողբերգության պատճառ է դարձել Աբովյան քաղաքում: Այստեղ, եղբայրը դանակահարել է քրոջն այն բանի համար, որ վերջինը չի ցանկացել իրեն զիջել համակարգիչը:
1997թ. ծնված անչափահաս Շ.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ դանակահարությամբ հարազատ քրոջը կյանքին վտանգ սպառնացող վնասվածք հասցնելու համար:
2013թ. սեպտեմբերի 12-ի երեկոյան քույր ու եղբայր վիճաբանել են՝ համակարգչով զբաղվելու հարցի շուրջ: Զայրացած եղբայրը նախ կծել է քրոջը, ապա խոհանոցից վերցրել դանակն ու 2 անգամ հարվածել նրան' պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք:
Բարեբախտաբար, աղջկա կյանքը հաջողվել է փրկել: Բայց դյուրաբորբոք տղան հայտնվել է դատապարտյալի աթոռին:
Քրեական օրենսգրքով՝ անշուշտ, այս արարքի միակ պատասխանատուն համակարգչամոլ պատանին է: Բայց անվիճելի է, որ նրա արարքի հասարակական ու հոգեբանական դրդապատճառներն իրականում շատ ավելի խորքային են:
Ու դրանց թվում անվիճելիորեն իրենց «արժանի» տեղն ունեն այս երեխաների ծնողները:
Համակարգիչը որպես խաղալիք ու որպես հոբբի իրենց զավակներին մատուցող ու նրանց այդ զբաղմունքը որևէ կերպ չվերահսկող ծնողներն այս պատմության թերևս ամենակարևոր դերակատարներն են:
Ցավոք, նման դեպքերն օրեցօր իրենց կայուն տեղն են գրավում մեր կյանքում, ինչի մասին վկայում է անգամ համակարգչային կամ համակարգչի միջոցով կատարված հանցագործությունների պաշտոնական վիճակագրությունը: