Aravot.am-ի տեղեկացմամբ՝ հունվարի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր ժամկետային զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստ:

 

Նիստին ներկայացել էին քրեական գործով մեղադրողները՝ Լոռու զինվորական կայազորի դատախազի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը, նույն կայազորի դատախազության դատախազ Անտոնյանը: Չէին ներկայացել ամբաստանյալ, Երեւանի բնակիչ Դավիթ Խաչատրյանի երկու պաշտպանները, տուժող Հրաչյա Սարգսյանը:

 

Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան (Աշխարհիկ) Ստեփանյանը դատարանին հայտնեց, որ իր առողջական վիճակը վատ է, չի կարողանում խոսել: Նրան տուժողի իրավահաջորդի կարգավիճակում փոխարինեց կինը՝ Լուիզա Ստեփանյանը: Դավիթ Խաչատրյանը չգիտեր, թե ինչու նիստին ներկա չէին իր պաշտպանները: Նա չկամեցավ, որ նիստը կայանա առանց իր պաշտպանների: Դատավոր Զոյա Զաքինյանը հայտարարեց, որ ամբաստանյալի պաշտպանները տեղյակ են եղել նիստի տեղի եւ ժամանակի մասին:

 

Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պարզի պաշտպանների բացակայության պատճառը: Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց՝ պաշտպաններն իրեն հայտնել են, որ իրենց ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհին վթարի է ենթարկվել, այն էվակուատորով տեղափոխում են: Դատավորը նիստը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց հունվարի 29-ին:

 

Լյուքս Ստեփանյանի հարազատները եւ համագյուղացիները վրդովված էին դատի հետաձգումից, նրանք չէին հավատում պաշտպանների ավտոմեքենայի վթարին, համոզված էին՝ դա դատը հետաձգելու պատրվակ է: Դատարանի դահլիճում հնչում էին հարազատների զայրացած խոսքերը, նրանք փորձում էին մտնել դատարանի՝ կողմնակի անձանց համար արգելված գոտի եւ դատավորից պարզաբանումներ ստանալ պաշտպանների ավտոմեքենայի վթարի իսկության մասին:

 

Քաշքշուկ սկսվեց Լյուքս Ստեփանյանի հարազատների եւ դատական կարգադրիչների միջեւ, հնչեցին հայհոյանքներ: Չնայած կարգադրիչների կազմը համալրվել էր Դիլիջանից, Նոյեմբերյանից, Բերդից ժամանած նրանց գործընկերներով, սակայն նրանք չէին կարողանում վերահսկել իրավիճակը:

 

Լյուքս Ստեփանյանի ծնողները, նրա հորեղբայրը բարձրացան դատարանի դահլիճի երկրորդ հարկ, հանդիպեցին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի եւ դատավոր Զոյա Զաքինյանի հետ:

 

Քիչ անց Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը փորձե է իրենց ցած նետել դատարանի երկրորդ հարկի միջանցքից: Դատական կարգադրիչները մի կերպ բռնեցին նրան: Առողջական վիճակը կտրուկ վատթարացած Աշխարհիկ Ստեփանյանին օգնելու համար «շտապ օգնության» խումբ հրավիրվեց: Բժիշկները մեզ հայտնեցին, որ Աշխարհիկի արյան ճնշումը կտրուկ բարձրացել էր, հասել 200-ի: Նրան բուժօգնություն ցուցաբերվեց:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: