Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ողջունելով գործընկերոջը՝ Նիլ Ուշակովը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների ընթացքը. «Երևանի և Ռիգայի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի: Եվ ես վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ընդունել եք իմ հրավերն ու մասնակցում եք Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու պաշտոնական արարողությանը, ինչը Ձեր դեպքում, որպես նաև իմ լավ ընկերոջ, իսկապես մեծ աջակցություն է ինձ»,- նշել է Նիլ Ուշակովը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործընկերոջը Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ այսօր առկա են բոլոր նախադրյալները Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար. «Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր նախանշումները և իրականացնել տարբեր ծրագրեր' ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: