«Ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց համար, ովքեր պատրաստվում են գալ օլիմպիադայի' հյուրի կամ մասնակցի կարգավիճակով, ոչ մի վտանգ չկա»,-ասել է ՌԴ նախագահը BBC-ի լրագրողին: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր երկրում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ խտրականություն չկա և հիշատակել է Էլթոն Ջոնի անունը. «Նա նշանավոր մարդ է, ականավոր երաժիշտ:

 

Եվ մեզ մոտ միլիոնավոր մարդիկ նրան անկեղծ սիրում են' անկախ նրա կողմնորոշումից»: Պուտինի խոսքով՝ իր համար կարևոր չէ մարդու սեռական կողմնորոշումը: «Ես ինքս ճանաչում և շփվում եմ մի քանի նման մարդկանց հետ: Մեզ մոտ բացարձակ, ես կասեի, ընկերական հարաբերություններ են», -ասել է նա: ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է. «Ես նման մի քանի մարդկանց պարգևատրել եմ նրանց աշխատանքի համար, ոչ թե նրանց կողմնորոշման»: Լրագրողի հարցին, թե Էլթոն Ջոնի և դերասան Յեն Մակքելենի' Ռուսաստան գնալու պարագայում Պուտինը կշփվե՞ր նրանց հետ, վերջինս պատասխանել է. «Իհարկե»:

 

Հարցազրույցում խոսվել է նաև փետրվարին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի մասին: ՌԴ նախագահը նշել է, որ օլիմպիադայի անվտանգությունը կապահովեն իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մոտ 40 հազար աշխատակիցներ: «Հույս ունեմ, որ դա կլինի այնքան կազմակերպված, որ աչքի չի զարնի և չի ճնշի օլիմպիադայի մասնակիցներին», -ասել է նա: ՌԴ 2018-ի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին էլ Պուտինն ասել է, թե դեռևս 2014 թիվն է, և հաջորդ ընտրություններին շատ ժամանակ կա. «Պետք է աշխատել, հետո պարզ կլինի, կտեսնենք»:

 

Հավելենք, որ Սոչիի օլիմպիադայի հաջողությունը հարցականի տակ է' կապված ՌԴ-ում ընդունված համասեռամոլության քարոզչության մասին օրենքի և, ինչ- որ չափով, նախկին ԽՄ երկրներին հարկադրաբար ՄՄ տանելու պուտինյան քաղաքականության հետ: Արդեն երկու ամսից ավելի ուկրաինացիները հրապարակ են դուրս գալիս ընդդեմ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների և հանուն եվրաինտեգրման, որի ուղուց երկրի իշխանությունը շեղվեց Ռուսաստանի ճնշման տակ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ