Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։

 

Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի և վճռական դատապարտման։