ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը' ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար' Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին:
Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:
Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։
Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը։