Փետրվարի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կսկսվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ 1984թ. ծնված Դավիթ Վարդանյանի դատավարությունը:
Ներկայումս կալանքի տակ գտնվող Դ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի' թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Այս արարքները պատժվում են համապատասխանաբար ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, և ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Նախկինում չդատված Դ.Վարդանյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2013 թ. հոկտեմբերի 4-ի ժամը 19:20-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով' մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:
Գործում առկա իրեղեն ապացույցը՝ 97.3 գրամ, 6.8 գրամ և 1.3 գրամ «հաշիշ» թմրամիջոցներն են'1 փաթեթում 'փաթեթավորված և փորձագետի թիվ 13-360 կնիքով կնքված վիճակում, 7 հատ «Multivitamin Plus Daru» և 2 հատ «Codacet 300/10, ABIDI» դեղահաբերը' 1 փաթեթում փաթեթավորված և փորձագետի թիվ 13-3606 կնիքով կնիքված վիճակում, Դ.Վարդանյանի որովայնի և տազի համակարգչային տոմոգրաֆիայի լազերային սկավառակն ու ժապավենը'1 փաթեթում փաթեթավորված: